Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ ԵԱՏՄ-ի հետ որևէ խնդիր չի ծագելու
https://parstoday.ir/hy/news/armenia-i245930-Նիկոլ_Փաշինյանը_վստահեցրեց_որ_ԵԱՏՄ_ի_հետ_որևէ_խնդիր_չի_ծագելու
Հայաստանն այս պահին ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև ՀՀ վարչապետը ԵԱՏՄ միակ պաշտոնյան է, ով միևնույն ժամանակ երկու բարձրագույն կառավարման մարմնի անդամ է։
(last modified 2026-05-28T08:58:17+00:00 )
Մայիս 28, 2026 12:17 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ ԵԱՏՄ-ի հետ որևէ խնդիր չի ծագելու

Հայաստանն այս պահին ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև ՀՀ վարչապետը ԵԱՏՄ միակ պաշտոնյան է, ով միևնույն ժամանակ երկու բարձրագույն կառավարման մարմնի անդամ է։

Աբովյան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ հայտարարություններ, որ հնչում են, դրանք սին հայտարարություններ են։   Նրանք, ովքեր այդ հայտարարություններն անում են, նրանք չեն հասկանում, որ փորում են ԵԱՏՄ գերեզմանը։   ԵԱՏՄ առաջիկա նիստին մասնակցելու է փոխվարչապետը, քանի որ ես արձակուրդի մեջ եմ։   Ես հունիսի 7-ից հետո, ձեր մանդատը ստանալու պարագայում, և այն ստանալուց հետո, կվերադառնամ աշխատանքի և դուք կտեսնեք, որ այն բոլոր տագնապալի հայտարարությունները, որոնք արվում են, կչեզոքացվեն»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պատերազմի եռագլուխ կուսակցությունը չի հասկանում, որ փորում է ԵԱՏՄ գերեզմանը։

 «Ես նրանց խորհուրդ եմ տալիս հետ կանգնել այդ ճանապարհից։   Իհարկե, ես կվերադառնամ ԵԱՏՄ ձևաչափ,  ուղիղ կնայեմ գործընկերների աչքերին, բոլոր փաստարկները կդնեմ սեղանին և ես ձեզ ասում եմ, որ որևէ խնդիր չի ծագելու։  Հայաստանի Հանրապետությունն այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնալու։  Մենք չենք լինելու մի ճանապարհի հույսին,  մի դաշնակցի հույսին,  չենք լինելու մի խողովակի հույսին։   Այսօր մենք արդեն ունենք երկաթուղի Արևելքից Արևմուտք։  Մենք ունենք Ախալքալաք-Կարս երկաթուղին, շուտով բացվելու է TRIPP-ը։ Մեր երկրի տարածքով անցնելու է գազամուղ՝ այդ թվում։  Մենք այդ տրանզիտի հաշվին ունենալու ենք մեր սեփական գազը և այդ տրանզիտի համար մեզ վճարելու են գազով,  մենք զարգացնելու ենք այլընտրանքային էներգետիկան»,-հավելեց ՔՊ վարչության նախագահը։

Նա նշեց, որ քանի դեռ Հայաստանը կարող է միևնույն ժամանակ լինել և՛ ԵԱՏՄ անդամ, և՛ շարունակել բարեփոխումները եվրոպական ստանդարտին հասնելու, Հայաստանն այդ ճանապարհով է գնալու։

«Այն պահին, երբ կգա ընտրություն կատարելու պահը, մենք ընտրություն կկատարենք, մենք` ասելով, դուք կկատարեք ընտրություն։  Այսօր Հայաստանի Հանրապետությունը դառնում է խաղաղության խաչմերուկ, և թե՛ հյուսիսը, թե՛ հարավը , թե՛ արևելքը և արևմուտքը պետք է լավագույն առաջարկն անեն Հայաստանի ժողովրդին և Հայաստանի ժողովուրդը կկատարի իր ընտրությունը։  Մենք այլևս կոնֆլիկտի փակուղի չենք։  Հայաստանն այլևս միլիարդների և տրիլիոնների երկիր է»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։   Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։