Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. փակվեցին տեղամասերը
Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ժամը 20։00-ից փակվել են երկրի ամբողջ տարածքում բացված բոլոր 2005 ընտրատեղամասերը, որոնցից 9-ը՝ քրեակատարողական հիմնարկներում:
Մեկնարկել է ձայների հաշվարկը։
Ժամը 17։00-ի դրությամբ ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 224 957 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,92 %-ը։
ԿԸՀ-ն երեք ժամը մեկ պարբերականությամբ տրամադրում է մասնակցության ցուցանիշները. տեղամասերի փակման պահի դրությամբ տվյալները կհրապարակվեն ժամը 21:00-ին:
Քվեարկության ընթացքում ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվել է 4000 տեխնիկական սարքավորում, 1758 տեղամասում տեղադրվել են համաժամանակյա հեռարձակումն ապահովող տեսախցիկներ:
Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել էին 71 տեղական զանգվածային լրատվության միջոցներ, շուրջ օտարերկրյա ԶԼՄ 180 ներկայացուցիչներ։
Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել էր 13 տեղական, 8 միջազգային դիտորդական առաքելություն։
Այցելուի կարգավիճակով ընտրությունները դիտարկել են ՀՀ-ում հավատարմագրված թվով 35 դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից անդամներ, ինչպես նաև 14 ընտրական մարմիններից ներկայացուցիչներ։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։