Ե՞րբ կավարտվի Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i246736-Ե_րբ_կավարտվի_Քաջարան_Ագարակ_ճանապարհահատվածի_շինարարությունը
Սյունիքի մարզում կառուցվող և Իրանի սահման տանող նոր ճանապարհահատվածի շինարարությունը կավարտվի 2027 թվականին:
(last modified 2026-06-17T15:13:09+00:00 )
Հունիս 17, 2026 18:33 Asia/Tehran
  • Ե՞րբ կավարտվի Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը

Սյունիքի մարզում կառուցվող և Իրանի սահման տանող նոր ճանապարհահատվածի շինարարությունը կավարտվի 2027 թվականին:

Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Խոսքը Քաջարան-Ագարակ 32–կիլոմետրանոց հատվածի մասին է, որը կառուցում է իրանական «Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana» ընկերությունների կոնսորցիումը։

«Ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ փուլում է։ Իրականացվել է աշխատանքների շուրջ 50 տոկոսը։ Աշխատանքներ են տարվում հողային պաստառի, թունելների, կամուրջների, արհեստական կառույցների կառուցման ուղղությամբ»,– հայտնել են հիմնադրամից:

Ճանապարհահատվածը շահագործման հանձնելուց հետո Քաջարանից Ագարակ հեռավորությունը կմնա գրեթե նույնը, սակայն հաշվի առնելով, որ բարելավվելու են ճանապարհի պարամետրերը, ճանապարհը շրջանցելու է բնակավայրերը, կառուցվելու են կամուրջներ ու թունելներ, հնարավոր կլինի կրճատել երթևեկության ժամանակը, երթևեկը դարձնել առավել անվտանգ։

Նախագծի գործարկումից հետո կանխատեսվում է, որ ճանապարհի թողունակությունն ավելի քան կրկնակի կամ մոտ 108%–ով կաճի 15 տարվա ընթացքում։

Առաջիկա ամիսներին նախատեսվում է նաև Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարությունը։ Ըստ նախագծի՝ շինարարության համար նախատեսված է 6 տարի։

Հիշեցնենք` Սյունիքի մարզում իրականացվող «Հյուսիս-հարավ» ծրագրի չորրորդ մասով նախատեսվում է Ագարակից մինչև Քաջարան 32 կմ ճանապարհ կառուցել (ներառում է 5 տրանսպորտային հանգույց, 2 նոր թունել և 15 նոր կամուրջ): Բացի այդ, նախատեսվում է կառուցել Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելը և հարակից 4 կմ երկարությամբ ճանապարհները: Սա կթեթևացնի Մեղրիի լեռնանցքի (գտնվում է ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա) ծանրաբեռնվածությունը, ճանապարհի երկարությունը կկրճատվի 14 կմ–ով, իսկ տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 80 կմ/ժ։ Ճանապարհին ծախսվող ժամանակը կկրճատվի 40 րոպեով։