Երևանում քննարկվել են ՀՀ–Իրան սահմանային թողունակության աճի, լոգիստիկայի զարգացման հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i246964-Երևանում_քննարկվել_են_ՀՀ_Իրան_սահմանային_թողունակության_աճի_լոգիստիկայի_զարգացման_հարցեր
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը։
(last modified 2026-06-23T15:03:23+00:00 )
Հունիս 23, 2026 18:19 Asia/Tehran
  • Երևանում քննարկվել են ՀՀ–Իրան սահմանային թողունակության աճի, լոգիստիկայի զարգացման հարցեր

Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը։

Հանդիպումը նախագահել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին։

«Նիստի օրակարգում ներառված են եղել երկկողմ տնտեսական կապերի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ ճանապարհային տուրքերի վերանայումը, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումն ու սահմանային անցակետերի թողունակության և գործունեության արդյունավետության բարձրացումը»,– ասված է հաղորդագրությունում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդգծել է, որ գերատեսչությունը բարձր է գնահատում երկու հարևան պետությունների միջև առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնումը։

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական գործակցության շարունակական խորացումը և լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացումը»,- նշել է փոխնախարարը։

Զաքարյանը հավելել է, որ սահմանային ենթակառուցվածքների համապատասխան վերազինումն ու արդիականացումը լրացուցիչ և լուրջ խթան կհանդիսանան երկու երկրների միջև փոխադարձ առևտրաշրջանառության ծավալների հետագա աճի համար։

Միջգերատեսչական աշխատանքային հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, ինչպես նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հայկ Նազարյանը: