Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի փոխնախագահին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել ԻԻՀ նախագահի տեղակալ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Սեյեդ Համիդ Փուրմոհամադիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերը, անդրադարձ է կատարվել տրանսպորտի, էներգետիկայի, առևտրատնտեսական հարաբերությունների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընթացքին:
Զրուցակիցները քննարկել են նաև սահմանային անցակետի արդիականացման և սահմանահատման թողունակության բարձրացման վերաբերյալ հարցերը, որոնք ուղղակիորեն կխթանեն առևտրատնտեսական համագործակցության զարգացումը:
ԻԻՀ նախագահի տեղակալը և ՀՀ փոխվարչապետը ՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, երկուստեք ընդգծել են միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և պայմանավորվել են շարունակել քննարկումները այդ ձևաչափով:
Փուրմոհամադիի Հայաստան այցի մեկ այլ ծրագիր է Քաջարանի թունելի նախագծի մեկնարկի ծրագրին մասնակցելը, որը կառուցվելու է իրանական «Արիանա ամբարտակ» թունելային ընկերության կողմից։