Հայաստանի՝ Սյունիքի մարզում տեղի է ունեցել 7.5 կիլոմետրանոց Քաջարանի թունելի հիմնարկեքի արարողությունը
Հունիսի 27-ին, ՀՀ Սյունիքի մարզում կայացել է Քաջարանի 7,5 կիլոմետրանոց թունելի շինարարության մեկնարկի արարողությունը՝ ԻԻՀ փոխնախագահ և Պլանավորման ու բյուջեի կազմակերպության նախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Իրանի ԱԳՆ տեղակալ Մեհդի Սոբհանիի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Բահրամ Սարմաստի, երկու երկրների դեսպանների և այլ պաշտոնյաների մասնակցությամբ։
Միջոցառման ընթացքում երկու երկրների պաշտոնյաներն, ընդգծելով հայ-իրանական բարձր մակարդակում գտնվող հարաբերությունները, կարևորել են Նորդուզի սահմանային անցակետից մինչև Երևան ճանապարհի արդիականացման և զարգացման ծրագրերի իրականացումը «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակում, ինչպես նաև դրանց դերը Իրանի և Հայաստանի միջև առևտրի, տրանսպորտի և տարանցման նոր հնարավորությունների ստեղծման գործում։
Այցի շրջանակում պաշտոնյաները ծանոթացել են կառուցվող ճանապարհի և թունելների աշխատանքների ընթացքին, այնուհետև խորհրդանշական կերպով իրականացրել են Քաջարանի թունելի շինարարության առաջին պայթեցումը։
7,5 կիլոմետր երկարությամբ Քաջարանի թունելը կառուցվելու է իրանական «Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից՝ Իրանի սահմանից դեպի Քաջարան ձգվող 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շարունակության շրջանակներում։ Թունելը շրջանցելու է Քաջարանի լեռնանցքը՝ զգալիորեն կրճատելով ճանապարհի երկարությունն ու երթևեկության ժամանակը։