Մեր առջև խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ և ՌԴ հարաբերություններում. Փաշինյան
Պաշտոնական Երևանը նպատակադրված չէ ճգնաժամ ստեղծել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մենք մեր առջև խնդիր չենք դրել ու չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում, և, բնականաբար, մեր ոչ մի միջազգային գործընկերոջ չենք արհամարհում, բայց և ոչ մի գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ շահերը, և սա, կարծում եմ, տրամաբանական է ցանկացած երկրի համար»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով երեկ ռուս գործընկեր, կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հեռախոսազրույցին, Փաշինյանը նշեց՝ նրանք համաձայնել են շարունակել երկկողմ հրատապ հարցերի քննարկումը։
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է Ռուսաստանի կողմից սահմանափակումները պատճառ դառնան, որ Երևանը մեկ գիշերում դադարեցնի Եվրամիության հետ մերձեցման գործընթացը, Փաշինյանը նշեց, որ դա բացառվում է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը: