Լեւոն Զուրաբեան. Հայաստանը պէտք է քաղաքական հետեւութիւններ անի ստեղծւած իրավիճակից
https://parstoday.ir/hy/news/armenia-i247486-Լեւոն_Զուրաբեան._Հայաստանը_պէտք_է_քաղաքական_հետեւութիւններ_անի_ստեղծւած_իրավիճակից
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենեակի համակարգող, ՀՀ քաղաքական ընդդիմութեան առանցքային ներկայացուցիչներից Լեւոն Զուրաբեանը, Թեհրանի Հ.Մ.Մ. «Րաֆֆի» մարզամշակութային համալիրում կայացած հանդիպման ընթացքում, անդրադարձաւ Հայաստանի անվտանգային մարտահրաւէրներին, հայ-իրանական յարաբերութիւններին եւ տարածաշրջանային զարգացումներին։
(last modified 2026-07-07T14:15:53+00:00 )
Հուլիս 07, 2026 17:42 Asia/Tehran
  •  Լեւոն Զուրաբեան. Հայաստանը պէտք է քաղաքական հետեւութիւններ անի ստեղծւած իրավիճակից

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենեակի համակարգող, ՀՀ քաղաքական ընդդիմութեան առանցքային ներկայացուցիչներից Լեւոն Զուրաբեանը, Թեհրանի Հ.Մ.Մ. «Րաֆֆի» մարզամշակութային համալիրում կայացած հանդիպման ընթացքում, անդրադարձաւ Հայաստանի անվտանգային մարտահրաւէրներին, հայ-իրանական յարաբերութիւններին եւ տարածաշրջանային զարգացումներին։

Նա, նախ, շնորհակալութիւն յայտնեց իրանահայ համայնքին՝ նշելով, որ Իրանում կայացած հանդիպումների ընթացքում ամենից առաջ զգացւում է հայի նկատմամբ ընդգծւած  յարգանքը։
Խօսելով Իրանի նահատակ Գերագոյն առաջնորդի մասին՝ Զուրաբեանը բարձր գնահատեց նրա քաղաքական հեռատեսութիւնն ընդգծելով, որ նա ժամանակին կանխատեսել էր տարածաշրջանում հնարաւոր զարգացումները եւ նախապատրաստել երկիրը՝ դիմագրաւելու առաջացող սպառնալիքները։

Զուրաբեանը նշեց, որ Հայաստանն ու ողջ հայ ժողովուրդը մինչ օրս կրում են Արցախի կորստի ծանր հետեւանքները։ Նրա գնահատմամբ՝ եթէ Հայաստանը չվերանայի իր քաղաքական մօտեցումներն ու անհրաժեշտ հետեւութիւններ չանի թշնամու վարքագծից, ապա կարող է շարունակել բախւել նոր նահանջների եւ կորուստների։

Նրա խօսքով՝ Ադրբեջանը հետեւողականօրէն առաջ է քաշում նոր պահանջներ՝ սկսած Հայաստանի Անկախութեան հռչակագրին եւ Սահմանադրութեանը վերաբերող փոփոխութիւններից, մինչեւ Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման, այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման, ինչպէս նաեւ ազգային խորհրդանիշներից ու հերոսների անուններից հրաժարւելու պահանջները։ «Այս իրողութիւնները վկայում են, որ Հայաստանը պէտք է հնարաւորինս արագ ձեւաւորի համարժէք քաղաքական արձագանգ»,– ընդգծեց նա։

Զուրաբեանն անդրադարձաւ նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւններին՝ նշելով, որ վերջինս պատերազմի յանցագործներ է ներկայացնում անգամ հայ ազգային հերոսներին, ինչը չի կարող անարձագանգ մնալ հայկական կողմից։