Վեհափառը վարդաջրով օծեց Բագրատ սրբազանին. ինչպես են տոնել Վարդավառը Մայր աթոռում
https://parstoday.ir/hy/news/armenia-i247620-Վեհափառը_վարդաջրով_օծեց_Բագրատ_սրբազանին._ինչպես_են_տոնել_Վարդավառը_Մայր_աթոռում
Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր մատուցվել է Սուրբ պատարագ` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ։
(last modified 2026-07-12T15:03:31+00:00 )
Հուլիս 12, 2026 17:53 Asia/Tehran
  • Վեհափառը վարդաջրով օծեց Բագրատ սրբազանին. ինչպես են տոնել Վարդավառը Մայր աթոռում

Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր մատուցվել է Սուրբ պատարագ` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ։

Մայր աթոռում պատարագից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն վարդաջրով օծել է հոգևորականներին։ Նրանց թվում էր նաև տնային կալանքում գտնվող Բագրատ սրբազանը։

Հետո եկեղեցու բակում հավատացյալներն ու հոգևորականները «ջրոցի խաղացին»` տաղավար տոնին միախառնելով նաև ժողովրդական ավանդությունը։

Քրիստոսի Պայծառակերպության տոնը 5 տաղավար տոներից 3-րդն է։  Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո որդին է:  Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել նրա պատվիրանները և իրականացնել Աստծո կամքը:

Իսկ Վարդավառը իր ծագմամբ հեթանոսական տոն է, որը, ըստ հայագիտության մեջ եղած տեսակետների, կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի հետ։ Ասվում է, թե հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները` շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գառ զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ ջրերի ոգիներին աղերսվող ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը հովանավորող ուժերը։