ի՞նչ կտա պլաստիկի կիրառման նոր սահմանափակումը Հայաստանին
Պոլիէթիլենե և պլաստիկե ապրանքների արտադրության և վաճառքի արգելքը կհանգեցնի աշխատատեղերի կրճատման և նոր թանկացումների։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց մեկանգամյա օգտագործման տարաների արտադրությամբ զբաղվող «Ռոյալ փրինթ» ՍՊԸ–ի տնօրեն Հովհաննես Ամլիկյանը։
Ինչպես հայտնի է, ըստ 2025թ–ին ՀՀ մի շարք օրենքներում կատարված փոփոխությունների` 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում արգելվելու է 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների արտադրությունն ու վաճառքը (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող և աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրվածների)։
Արգելքը տարածվելու է նաև պլաստիկից և փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների` ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների վրա։ Կառավարությունը համոզված է, որ սա նպաստավոր պայմաններ կստեղծի պլաստիկի գործածության աստիճանական նվազեցման և թափոնների ծավալների կրճատման համար, ինչը կնպաստի հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։
Գործարարի համոզմամբ` նոր սահմանափակումն առաջին հերթին կհարվածի ոլորտում աշխատող քաղաքացիների սոցիալական վիճակին և սպառողների գրպանին։
«Կլինի թանկացում, ժողովրդի գրպանի վրա կազդի, բոլորիս վրա։ Այսօր չկա աշխարհում մի երկիր, որտեղ պլաստիկ չեն օգտագործում, որտեղ պլաստիկ գոյություն չունի։ Ավելին ասեմ` մենք կոնկրետ հենց հիմա պլաստիկ բաժակների արտահանում ենք անում ԱՄՆ և Եվրոպա»,– ասում է Ամլիկյանը։
«Եթե, օրինակ, ջուր խմելու համար հիմնականում պլաստիկե բաժակ են օգտագործում, հաջորդ տարվանից ստիպված կլինեն անցնել թղթե բաժակների, ու եթե պլաստիկե բաժակն արժե 3 դրամ, թղթի բաժակը այսօր 15 դրամ է։ Բացի այդ, ասում ենք` թղթե բաժակ, բայց այդ թղթե բաժակի մեջ կա պոլիէթիլենային թաղանթ` 15-20 միկրոն, որպեսզի թուղթը տաքությունից չկպչի իրար։ Այսինքն` էլի գործ ունենք պոլիէթիլենի հետ, մեջը պոլիէթիլեն է, դուրսը` թուղթ. դա է տարբերությունը»,– նկատում է գործարարը։
Ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, զրուցակիցն առաջարկում է անարդյունավետ արգելքների փոխարեն զարգացած երկրների օրինակով սուբսիդավորել երկրորդական հումք մշակող արտադրողներին։ Հայաստանում, նրա դիտարկմամբ, ճիշտ հակառակն է` երկրորդային հումք մշակողները մյուսներին հավասար հարկային բեռի տակ են, ինչի հետևանքով էլ այդ ոլորտը Հայաստանում չի զարգանում։