Ի՞նչ էր «թաքնված» Փաշինյանի հայտարարությունների տակ. փորձագետը վերլուծել է նրա ելույթը
https://parstoday.ir/hy/news/armenia-i248682-Ի_նչ_էր_թաքնված_Փաշինյանի_հայտարարությունների_տակ._փորձագետը_վերլուծել_է_նրա_ելույթը
Sputnik. Հայաստանի իշխանությունների երկարաժամկետ առաջնահերթությունը Եվրոպական Միությանն անդամակցելն է, ոչ թե Եվրասիական տնտեսական միության հետ գործակցության խորացումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը` մեկնաբանելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
(last modified 2026-08-08T10:18:29+00:00 )
Օգոստոս 08, 2026 13:46 Asia/Tehran
  • Ի՞նչ էր «թաքնված» Փաշինյանի հայտարարությունների տակ. փորձագետը վերլուծել է նրա ելույթը

Sputnik. Հայաստանի իշխանությունների երկարաժամկետ առաջնահերթությունը Եվրոպական Միությանն անդամակցելն է, ոչ թե Եվրասիական տնտեսական միության հետ գործակցության խորացումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը` մեկնաբանելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

Փորձագետը նշեց, որ Փաշինյանը, անկասկած, մտադիր է շարունակել գործակցությունը ԵԱՏՄ շրջանակում, սակայն հիմնական հարցն այն է, թե ինչ ձևաչափով է այդ գործակցությունը շարունակվելու։ Այդ համատեքստում, ըստ նրա, կարևոր է դիտարկել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հայտարարությունը։
«Վարչապետը, ըստ էության, ասում է հետևյալը, որ Հայաստանը պատրաստ չէ անդամակցել Եվրամիությանը, որովհետև Եվրամիությունն այսօր պատրաստ չէ ընդունել Հայաստանին։ Ոչ թե Հայաստանը չի ցանկանում, այլ նրան չեն ընդունում։ Սա է պաշտոնական Երևանի քաղաքականության հիմնական էությունը` Հայաստանի առաջնահերթ գործընկերը Եվրամիությունն է, ոչ թե ԵԱՏՄ-ն։ Այդ նախապատվությունը չի փոխվել, և վարչապետն այսօր պարզապես ամփոփեց այդ մոտեցումն ու ներկայացրեց դրա հիմնավորումը»,– ասաց Միքայելյանը։
Նրա կարծիքով՝ ՀՀ–ի` ԵՄ–ին անդամակցելու հնարավորությունը կամ դրա բացակայությունը չպետք է շփոթել Եվրամիության հետ մերձեցման արտաքին քաղաքական կուրսի հետ. դրանք տարբեր երևույթներ են։
«Եվրամիության հետ մերձեցման ուղղության հռչակումը ենթադրում է, որ քաղաքականությունը, գործողություններն ու որոշումները պետք է համապատասխանեցվեն եվրոպական մոտեցումներին։ Դրա համար պարտադիր չէ, որ Հայաստանն անդամակցի ԵՄ-ին կամ պաշտոնապես հայտարարի այդ ցանկության մասին։ Կարևորն այն է, որ երկիրը շարժվում է եվրոպական քաղաքականության ուղղությամբ»,– ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջե է փոխանցել շուրջ 319 մլն դոլար, մինչդեռ ստացել է մոտ 175 մլն դոլար, փորձագետը նշեց, որ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ։
Նրա խոսքով՝ երբ Հայաստանը միանում էր ԵԱՏՄ-ին, ակնկալվում էր, որ ընդհանուր «կաթսայից» կստանա մոտ երկու անգամ շատ, քան կմուծի։ Սակայն վերջին տարիներին իրավիճակը փոխվել է, ինչը, ըստ Միքայելյանի, պայմանավորված է Հայաստանից Ռուսաստան իրականացվող վերարտահանման ծավալների աճով (ինչպես հայտնի է, վերարտահանման շնորհիվ երկրների միջևւ ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է)։