Վերլուծություն - Փաշինյանի կառավարության ռազմավարական փաստաթուղթը․ Հայաստանը՝ Արևմուտքի խոստումների և ԵԱՏՄ իրողությունների միջև
Հայաստանը վերաիմաստավորում է արտաքին քաղաքականության հիմնարար հենասյուներից մեկը։ Շարունակական լինելու դեպքում այս փոփոխությունը կարող է էական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի անվտանգության և տնտեսական հաշվարկների վրա։
Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ 2026-2031 թվականների ռազմավարական փաստաթղթում Ռուսաստանի դերի նվազեցումը պարզապես դիվանագիտական առաջնահերթությունների ցանկում մի քանի երկրների դիրքի փոփոխություն չէ, այլ վկայում է Մոսկվայի վրա հիմնված անվտանգության ավանդական ճարտարապետությունից Երևանի աստիճանական հեռացման և Արևմուտքի վրա հենվելով հավասարակշռություն ստեղծելու փորձի մասին։ Սակայն այս շրջադարձը բախվում է լուրջ աշխարհաքաղաքական և տնտեսական սահմանափակումների։
Pars Today-ը, հղումա նելով Tasnim գործակալությանը, հաղորդում է, որ Հայաստանի կառավարության նոր ծրագրում Ռուսաստանը արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում իջեցվել է ութերորդ հորիզոնական։ Ի տարբերություն նախորդ փաստաթղթի՝ նոր ծրագրում որևէ հիշատակում չկա Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի, ռուս սահմանապահների կամ փոխադարձ ռազմական աջակցության մեխանիզմների մասին։ Փաստաթղթից հանվել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվանումը։ Այս փոփոխությունները տեղի են ունենում այն պայմաններում, երբ վերջին տարիներին Երևանը դադարեցրել է իր մասնակցությունը կազմակերպության գործունեությանը և փորձել պաշտպանական համագործակցություն զարգացնել արևմտյան երկրների հետ։
Այս շրջադարձի արմատները պետք է փնտրել Երևանի և Մոսկվայի միջև վստահության ճգնաժամի մեջ։ Փաշինյանի կառավարությունը կարծում է, որ Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021 և 2022 թվականների սահմանային զարգացումների ընթացքում Հայաստանին չցուցաբերեցին ակնկալվող աջակցությունը։ Երևանի տեսանկյունից՝ արտաքին դերակատարից անվտանգության կախվածությունը վտանգավոր է դառնում այն ժամանակ, երբ այդ դերակատարը վճռորոշ պահերին ունի այլ շահեր և առաջնահերթություններ։ Հետևաբար, «գործընկերների դիվերսիֆիկացման» քաղաքականությունը Հայաստանի կառավարության համար ոչ թե զուտ գաղափարական ընտրություն է, այլ ռազմավարական խոցելիությունը նվազեցնելու փորձ։
Այնուամենայնիվ, առանցքային հարցն այն է, թե արդյոք Ռուսաստանին Արևմուտքով փոխարինելն իսկապես կնվազեցնի՞ Հայաստանի կախվածությունը, թե պարզապես կփոխի այդ կախվածության բնույթը։ ԱՄՆ-ը և Եվրամիությունը կարող են ավելի մեծ դերակատարում ունենալ կրթության, ինստիտուցիոնալ բարեփոխումների, տնտեսական համագործակցության և անվտանգության որոշակի կարողությունների զարգացման ոլորտներում, սակայն կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանի ռազմական և տնտեսական ներուժի ամբողջական փոխարինումը Հայաստանի համար հեշտ չի լինի։ Հայաստանը շարունակում է մնալ եվրասիական տնտեսական կառույցների շրջանակում, իսկ նրա առևտրի, էներգետիկայի և աշխատաշուկայի զգալի մասը շարունակում է կապված լինել Ռուսաստանի և եվրասիական տարածքի հետ։
Հենց այս հակասությունն է Երևանի նոր դոկտրինի գլխավոր մարտահրավերը։ Մի կողմից՝ Փաշինյանի կառավարությունը խոսում է Եվրամիության հետ հարաբերությունների խորացման մասին, մյուս կողմից՝ ցանկանում է պահպանել տնտեսական համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ։ Այս քաղաքականությունն արտաքուստ հավասարակշռված է, սակայն գործնականում այն բախվելու է երկու կողմերից աճող ճնշումների։ Որքան խորանա Հայաստանի անվտանգության և քաղաքական համագործակցությունը Արևմուտքի հետ, այնքան մեծ կլինի Մոսկվայի զգայունության աճի և Երևանի համար տնտեսական հետևանքների առաջացման հավանականությունը։
Իրանի համար այս զարգացումը առանձնահատուկ նշանակություն ունի։ Հայաստանի արտաքին հավասարակշռության փոփոխությունը կարող է ազդեցություն ունենալ տարանցիկ ուղիների, սահմանների անվտանգության և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցության վրա։ Նման պայմաններում Թեհրանն ավելի քան երբևէ ունի Երևանի հետ տնտեսական և տարանցիկ կապերի ամրապնդման անհրաժեշտություն, քանի որ առևտրի և հաղորդակցության միջանցքների զարգացումը կարող է նվազեցնել Հայաստանի կախվածությունը որևէ կոնկրետ բլոկից և միևնույն ժամանակ ամրապնդել Իրանի դիրքը՝ որպես տարածաշրջանային անկախ գործընկեր։
Ի վերջո, Հայաստանի շրջադարձը դեռևս չպետք է դիտարկել որպես Ռուսաստանի ազդեցության գոտուց լիակատար դուրս գալ կամ Արևմուտքին վերջնականապես միանալու որոշում։ Այն, ինչ ներկայում ձևավորվում է Երևանում, առավելապես հավասարակշռման և կախվածության նվազեցման քաղաքականություն է։ Այս ռազմավարության հաջողությունը կախված կլինի Հայաստանի՝ Արևելքի հետ տնտեսական հարաբերությունները պահպանելու, Արևմուտքի հետ համագործակցությունը զարգացնելու և Հարավային Կովկասը խոշոր տերությունների միջև ուղղակի մրցակցության դաշտի վերածվելուց զերծ պահելու կարողությունից։ Այս համատեքստում ցանկացած քաղաքականություն, որը կթուլացնի տարածաշրջանի կայունությունն ու հարևանների միջև տնտեսական համագործակցությունը, կարող է մեծացնել այս շրջադարձի գինը հենց Հայաստանի համար։