Հայաստանը և Իրանը քննարկել են դիզվառելիքի և հեղուկ գազի երկարաժամկետ մատակարարումները
Հայաստանն ու Իրանը քննարկել են դիզելային վառելիքի և հեղուկ գազի՝ երկարաժամկետ ձևաչափով Հայաստան մատակարարելու հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` հավելով, որ հարցը քննարկվել է նախարար Գևորգ Պապոյանի և Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հանդիպման ժամանակ։
Քննարկվել են նաև հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման, առևտրաշրջանառության ու ներդրումների ընդլայնման, ենթակառուցվածքային և գործարար կապերի հետ կապված հարցեր։
Պապոյանի խոսքով՝ Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել ավելի շոշափելի տնտեսական արդյունքների։ Նա կարևորել է Իրանի շուկայում հայկական արտադրանքի ներկայության ընդլայնումն ու ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի համաձայնագրի հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը։
Կողմերն անդրադարձել են նաև էներգետիկ և լոգիստիկ համագործակցության հեռանկարներին։
Պապոյանն առաջարկել է գործակցությունն ընդլայնել մի քանի ուղղություններով՝ հայկական արտահանման և առևտրի ավելացում, համատեղ արտադրությունների ու ներդրումների խթանում, էներգետիկ և լոգիստիկ համագործակցություն, ինչպես նաև սահմանային ընթացակարգերի շարունակական բարելավում։