Հայաստանն ու Իրանն ընդլայնում են համագործակցությունը գազի ոլորտում
https://parstoday.ir/hy/news/armenia-i40201-Հայաստանն_ու_Իրանն_ընդլայնում_են_համագործակցությունը_գազի_ոլորտում
Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) հետ գազի բնագավառում համագործակցությունն ընդլայնելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ն ԻԻՀ կգործուղվի Հայաստանի կառավարական պատվիրակություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2016 06:05 Asia/Tehran
  • Հայաստանն ու Իրանն ընդլայնում են համագործակցությունը գազի ոլորտում

Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) հետ գազի բնագավառում համագործակցությունն ընդլայնելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ն ԻԻՀ կգործուղվի Հայաստանի կառավարական պատվիրակություն:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Կառավարական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը:

«Էներգաիմպեքս» 100 տոկոս բաժնեմասով պետական ընկերությունը, որը կառավարության որոշմամբ ստեղծվել է այս տարվա օգոստոսին, հնարավորություն է ունենալու Իրանից գնել, ներմուծել և արտահանել գազ:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանը հայտարարել էր, որ ընկերության ստեղծումը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումն Իրանից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:

Հոկտեմբերի 21-ին Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրել էր, որ մոտ ապագայում ստորագրվելու է հայ-իրանական գազային նոր համաձայնագիր  և դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա գազ գնել Իրանից ու վաճառել, օրինակՎրաստանին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը վրացական գնորդներից մեկի հետ ստորագրել է փորձնական պայմանագիր, որի համաձայն՝ 2016 թվականին Հայաստանին մատակարարվող իրանական գազի ոչ մեծ խմբաքանակ նրա տարածքով կուղարկվի Վրաստան:Այդ մասին  հուլիսի 26-ին Թեհրանում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեն: Նրա խոսքով՝ Իրանը հուսով է, որ Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու փորձնական գործարքը  կիրագործվի մինչև հաջորդ մարտ:

Armenpress.am