Հայաստանը կդառնա՞ տարանցիկ երկիր իրանական գազի համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i80931-Հայաստանը_կդառնա_տարանցիկ_երկիր_իրանական_գազի_համար
Վրաստան իրանական գազի մատակարարման պայմանագիրը կարող է ստորագրվել: Եթե վերջնական պայմանավորվածությունները ձեռք բերվեն, սպա իրանական գազը Վրաստան կհասցվի մասնավոր հատվածի միջոցով, Հայաստանի տարածքով` ասել է Իրանի նավթի փոխնախարար Համիդ-Ռեզա Արաղին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2018 15:45 Asia/Tehran
  • Հայաստանը կդառնա՞ տարանցիկ երկիր իրանական գազի համար

Վրաստան իրանական գազի մատակարարման պայմանագիրը կարող է ստորագրվել: Եթե վերջնական պայմանավորվածությունները ձեռք բերվեն, սպա իրանական գազը Վրաստան կհասցվի մասնավոր հատվածի միջոցով, Հայաստանի տարածքով` ասել է Իրանի նավթի փոխնախարար Համիդ-Ռեզա Արաղին:

Իրանական գազի արտահանումը Վրաստան պայմանավորված է մի քանի գործոններով, որոնց շարքում առաջնայինը Հայաստանի համաձայնությունն է: Պակաս կարևոր չեն բանակցությունները անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, խելամիտ սակագնի գոյացման վերաբերյալ: Եթե համապատասխան պայմանավորվածությունները ձեռք բերվեն, ապա մասնավոր ձեռնարկությունները կարող են գնել իրանական գազը` այն Վրաստանին վերավաճառելու նպատակով:

Վրաստանի միջազգային էներգետիկ կորպորացիան անցած տարի օգոստոսին պայմանագիր է կնքել Գազի արտահանման իրանական ազգային ընկերության հետ` 40 միլիոն խորանարդ մետր գազի առաքման շուրջ: Եթե եռակողմ համաձայնությունը կայանա, այն Հայաստանի համար շահեկան կլինի բոլոր առումներով: Նախ` դա կլինի առաջին նշանակալի տարածաշրջանային նախագիծը, որին Հայաստանը մասնակցում է: Սա կարող է հրաշալի նախադեպ դառնալ ավելի մեծ նախագծերին Հայաստանի մասնակցության կամ ինտեգրման համար:

Մյուս կողմից` տարանցիկ երկրի կարգավիճակն էապես մեծացնում է Հայաստանի սուբյեկտությունը` տնտեսական օգուտներից զատ, նպաստելով Հայաստանի անվտանգության ամրապնդմանը:

Ավելի սկզբունքային է այն հանգամանքը, որ Հայաստանը կարող է ձերբազատվել Ռուսաստանի գազային կախվածությունից, ինչը մեր երկրի ինքնիշխանության սահմանափակման հիմնական գործոններից մեկն է:

Սա, իր հերթին, նպաստելու է Հայաստանի արտաքին քաղաքականության, անվտանգության համակարգի, տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացմանը: Տարանցիկ երկրի կարգավիճակը մեծացնում է երկրի հուսալիությունը, ինչը կարևոր խթան է օտարերկրյա ներդրումների ներգրավման և տնտեսության աշխուժացման համար:

Վրաստան իրանական գազի մատակարարման հեռանկարը միանգամայն ձեռնտու է Թբիլիսիին և Թեհրանին ու ակնհայտ է, որ նրանք այդ նախագիծն իրականացնելու համար չունեն քաղաքական և տնտեսական խոչընդոտներ: Մնում է քաղաքական կամք ցուցաբերեն Հայաստանի իշխանությունները` մեր երկրի օրակարգն ու շահերը վեր դասելով ռուսական ճնշումներից:

1in.am