Գերմանիայում համաշխարհային կրոնների ներկայացուցիչների խաղաղության աղոթքն սկսել է հայերենով
https://parstoday.ir/hy/news/armenia-i83951-Գերմանիայում_համաշխարհային_կրոնների_ներկայացուցիչների_խաղաղության_աղոթքն_սկսել_է_հայերենով
Օրերս Գերմանիայի Դաշնության Լեեր քաղաքում համաշխարհային կրոնների ներկայացուցիչների եւ կրոնական տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ տեղի է ունեցել Խաղաղության աղոթքի արարողություն, որը կազմակերպվում է երկու տարի շարունակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2018 06:02 Asia/Tehran
  • Գերմանիայում համաշխարհային կրոնների ներկայացուցիչների խաղաղության աղոթքն սկսել է հայերենով

Օրերս Գերմանիայի Դաշնության Լեեր քաղաքում համաշխարհային կրոնների ներկայացուցիչների եւ կրոնական տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ տեղի է ունեցել Խաղաղության աղոթքի արարողություն, որը կազմակերպվում է երկու տարի շարունակ:

Արարողությանը մասնավորապես մասնակցել են Հայ Առաքելական, Կաթոլիկ, Բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մահմեդականությունը, բուդդայականությունը, հուդայականությունը ներկայացնող հավատացյալներ: Խաղաղության աղոթք է հնչել նաեւ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու անդամների կողմից:

Հատկանշական է, որ արարողությունը մեկնարկել էր գերմանաբնակ պատանի Վալերի Թովմասյանի կողմից հնչեցրած հայերեն աղոթքով, որի հեղինակը Առաջնորդական Փոխանորդ հոգեշնորհ Տ. Սերովբէ Վրդ.. Իսախանեանն է: Խաղաղության աղոթքից հետո հյուսիսային Գերմանիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ արժանաշնորհ Տ. Հրաչ քահանա Պիլիճիեանն օրհնել է միջոցառումը, գերմաներեն հնչեցրել խաղաղության աղոթքը, ապա երգել Կոմիտասի ստեղծագործություններից:

Միջոցառման կազմակերպման հանձնախմբի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Թովմասյանը NEWS.am-ի հետ զրույցում կարեւորեց նման միջոցառումներին հայերի մասնակցությունը: Նրա խոսքով` հնչեցված հայերեն աղոթքը եւս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մենք խաղաղասեր ազգ ենք, քանի որ մեզ համար ոչ միայն կարեւոր է մեր սեփական սահմանների անվտանգությունը, այլ նաեւ խաղաղությունը ողջ աշխարհում` Սիրիայից մինչեւ Աֆղանստան եւ Լատինական Ամերիկա:

Արարողության վերջում Լեեր քաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները իրենց խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեցին հայերին արարողությանը մասնակցելու համար` հիշեցնելով, որ հայերն առաջինն են ամբողջ աշխարհում քրիստոնեությունը ընդունել որպես պետական կրոն: Նրանց կողմից հատուկ գովասանքի արժանացավ հայերեն աղոթքի տեքստը:

News.am