Իրանի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան, Ռուսաստան և Բելառուս
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային կիրակի օրը հայտարարել է, որ վաղը նախատեսված է երկրի արտգործնախարար Աբաս Արաղչիի այցը Ադրբեջան։
Ըստ Բաղայիի, այցի շրջանակում նախատեսված են Իրանի արտգործնախարարի հանդիպումները Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ։
Ինչպես նշել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը, Թեհրանը ձգտում է ընդլայնել երկկողմ հարաբերությունները նման դիվանագիտական շփումների միջոցով և նպատակ ունի Կովկասի տարածաշրջանում նպաստել խաղաղությանը և կայունությանը, ինչը մնում է Թեհրանի առաջնահերթությունը։
Բաղային հավելել է, որ առաջիկա օրերին իրանցի դիվանագետները հանդիպումներ կունենան Բելառուսի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այս դիվանագիտական ծրագրի շրջանակում Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս՝ շարունակելու ընթացիկ և կանոնավոր խորհրդակցությունները Իրանի և այդ երկու երկրների միջև։