Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ԵԱՏՄ–ի հետ. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/daily_news-i240278-Հայաստանը_շարունակելու_է_համագործակցությունը_ԵԱՏՄ_ի_հետ._Փաշինյան
Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ։ Այդ մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
(last modified 2025-12-12T08:00:07+00:00 )
Դեկտեմբեր 11, 2025 17:49 Asia/Tehran
  • Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ԵԱՏՄ–ի հետ. Փաշինյան

Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ։ Այդ մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը, որը առանցքային նշանակություն կունենա համաշխարհային տնտեսության մեջ միության դերի ապագա ամրապնդման համար։

«Ազատ տնտեսական համագործակցության պայմանագրերի կնքումը ոչ միայն ակտիվացնում է երկխոսությունը, այլև բարձրացնում մրցունակությունը` մեր երկրների համար բացելով նոր հնարավորություններ տնտեսության աճի համար»,– հայտարարեց Փաշինյանը։

Ըստ նրա` այս առումով կարևոր ուղղություններից է տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտը, որի դիվերսիֆիկացիան կարող է լրացուցիչ ազդակ տալ ԵԱՏՄ ապրանքաշրջանառության աճին։

«Այս համատեքստում ուզում եմ նշել, որ տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության համար։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է դառնալ կարևոր գործոն ընդլայնելու հնարավորությունները և ամրապնդելու տարածաշրջանի մյուս երկրների տնտեսական կապերը։ Այդ առումով ուզում եմ ողջունել Ադրբեջանի նախագահի որոշումը` ճանապարհների ապաշրջափակման հարցում, որի արդյունքում իր տարածքով տրանզիտ բեռները հասել են Հայաստան»,– ընդգծեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանի խոսքով` ճանապարհների ապաշրջափակումը կարևոր գործոններից մեկն է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Բացի այդ, նա կարևորեց ԵԱՏՄ շրջանակում էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորումը, որը հավասար և կանխատեսելի պայմաններ է ստեղծում միության անդամ երկրների համար։

Ըստ վարչապետի` պետք է հետևողականորեն հասնել ընդհանուր շուկաների լիարժեք կայացման, որոնք ապահովում են արդյունավետ փոխգործակցություն, թափանցիկություն և հավասարակշռություն բոլոր կողմերի հետաքրքրությունների համար։

Փաշինյանը համոզված է, որ մրցունակ արդյունքներ ունենալն ուղիղ կապված է համաձայնեցված նորմերի կիրառման հետ, որոնք ներառում են համակարգային լուծումներ, ինովացիաներ և թվային տրանսֆորմացիաներ։ Նրա կարծիքով` արդյունավետ ֆինանսական մեխանիզմների ստեղծումն ու զարգացումը կօժանդակեն համատեղ արդյունաբերական և ագրոկոոպերատիվ նախագծերի կայացմանը։

Հիշեցնենք, որ միջկառավարական խորհրդի այս նիստը 45-րդն է Եվրասիական տնտեսական միության 2015 թվականի հունվարի 1-ի մեկնարկից ի վեր և 4-րդը՝ ընթացիկ տարում: Նախորդ նիստը կայացել էր 2025 թվականի սեպտեմբերի 30-ին Մինսկում։

2025 թվականին ԵԱՏՄ մարմիններում, այդ թվում` Եվրասիական միջկառավարական խորհրդում, նախագահում Է Բելառուսը։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2026 թվականի մարտի 26–27–ը Ղազախստանի Շիմքենդ քաղաքում։