Պատժամիջոցները առիթ են Իրանի ու Թուրքիայի տնտեսական հարաբերություններն ընդլայնելու համար
ԻԻՀ նախագահն ասել է. «Ճիշտ կառավարմամբ Իրանն ու Թուրքիան կարող են Թեհրանի դեմ Վաշինգտոնի անարդար պատժամիջոցները վերածել երկու երկրի տնտեսական հարաբերությունների ընդլայնման առիթի»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին հինգշաբթի օրն Անկարայում Իրանի ու Թուրքիայի տնտեսական գործարարների հետ հանդիպման ժամանակ ընդգծելով, որ Իրանը պատրաստ է երկարատևում ապահովել Թուրքիային անհրաժեշտ էներգիան, կրկին անարդար է բնութագրել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները և ասել է. «Բացի միջազգային օրենքներից և ժողովուրդների շահերից, որևէ այլ ուժ չպետք է ազդի Իրանի ու Թուրքիայի տնտեսական հարաբերությունների վրա»:
«Իրանի ժողովրդի դեմ անարդար ու բռնի պատժամիջոցները կարող են երկու երկրների տնտեսությունների միացման չափազանց արժեքավոր առիթ դառնալ, որը չի կարողանա խաթարել որևէ սպառնալիք ու քայլ»,-հայտարարել է Ռոհանին:
Նա նշել է, որ Իրանն ու Թուրքիան վճռակամ են վերականգնել տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը, հավելելով. «Համատեղ համագործակցությամբ Թեհրանն ու Անկարան արտասահմանցիներին ու արտաքին ուժերին հայտարարում են, որ նրանք չեն կարող որոշում կայացնել տարածաշրջանի անվտանգության համար»:
Համագումարին ներկա Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն իր ելույթում անդրադառնալով Իրանի ու Թուրքիայի միջև ընդլայնված ու բազմաշերտ հարաբերություններին, ասել է. «Թուրքիան նպատակ ունի Իրանի հետ տնտեսական հարաբերությունների մակարդակը բարձրացնել քաղաքական հարաբերությունների մակարդակի»:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Նա ասել է. «Այս կապակցությամբ ԱՄՆ-ի միակողմանի քայլը սպառնում է համաշխարհային ու միջազգային անվտանգությունը և բոլորս պիտի գիտակցենք, որ այսօր աշխարհը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ու անվտանգության կարիք ունի»:
«Թուրքիան չի ընդունում պատժամիջոցները և որևէ մեկը չի կարող Թուրքիայից ակնկալել, որ դրա պատճառով կրճատի Իրանի հետ տնտեսական հարաբերությունները»,-ընդգծել է Թուրքիայի նախագահը: