Իրանը ռազմական ուսուցման ոլորտում կօգնի Իրաքի բանակին
Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ Իսլամական հանրապետությունը պատրաստակամ է ռազմական ուսուցման ոլորտում օգնել Իրաքի Զինված ուժերին և այդ երկրի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել:
Երկուշաբթի օրը Թեհրանում Իրաքի բանակի ուսուցման և գործառնությունների գծով հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Թարեղ Աբբաս Էբրահիմ Աբդոլհոսեյնի հետ հանդիպման ժամանակ, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին ասել է.«Իրանի բանակի ցամաքուժը գտնվում է մարտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա և կարող է իր փորձը փոխանցել Իրաքի բանակին»:
Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարը հավելել է.«ԻԼԻՊ-ն Իրանի և Իրաքի դեմ ուղղված ընդհանուր սպառնալիք էր, որը ոչնչացավ երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ»:
Իրաքի բանակի ուսուցման և գործառնությունների գծով հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Թարեղ Աբբաս Էբրահիմ Աբդոլհոսեյնն այդ հանդիպման ժամանակ նշելով, որ Իրանն ու Իրաքը եղբայրական ու բարեկամական հարաբերություններ ունեն, ասել է.«Իրաքը երբեք չի մոռանալու ԻԼԻՊ-ի դեմ պատերազմում Իրանի ցուցաբերած օգնությունները»:
Նա Իրանի բանակից խնդրել է Իրաքի Զինված ուժերի համար Իրանում կազմակերպել ռազմական վերապատրաստման դասընթացներ: