Իրանի կառավարության պատասխանը աֆղան փախստականների հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Իրանի կառավարության խոսնակը ցավակցություն հայտնելով աֆղան փախստականների հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին, ընդգծել է նման դեպքերը կանխելու նպատակով, Թեհրանի և Քաբուլի միջև ապօրինի սահմանային անցումները վերահսկելու անհրաժեշտությունը:
Աֆղանստանյան որոշ լրատվամիջոցներ վերջերս հաղորդել էին, որ ավելի քան 40 ապօրինի աֆղան գաղթականներ, որոնք աշխատանք գտնելու համար հատել են Իրան-Աֆղանստան համատեղ սահմանաը, ձերբակալվել են իրանցի սահմանապահների կողմից և հետո նրանց նետել են Հարիրոդ գետը: Դեպքի հետևանքով զոհվել են որոշ թվով աֆղաններ:
Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին նշել է, որ Իրանը հյուրընկալում է 3 միլիոն աֆղանցիների: Նա ասել է.«Նման դեպքերը, որոնց պատճառները պարզ չեն, չպետք է սխալ մեկնաբանությունների պատճառ դառնան»:
Ռաբին ասել է, որ չարամիտ մտադրություններ ունեցող որոշ մարդիկ փորձում են խաթարել Իրանի և Աֆղանստանի միջև բարեկամական հարաբերությունները: Նա հավելել է. «Անկասկած, Աֆղանստանի քաղաքացիների կյանքի անվտանգությունը շատ կարևոր է Իրանի համար և երկու կողմերը պետք է համապատասխան գործողություններ ձեռնարկեն նման միջադեպերը կանխելու համար»: