Իրանը Անվտանգության խորհրդին կոչ է արել կանգնել ԱՄՆ-ի դեմ
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչությունը հայտարարել է, որ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևն այդ երկրի ներքին քաղաքականության մաս է ակզմում և Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել կանգնել ԱՄՆ ապօրինի գործողությունների դեմ:
Հինգշաբթի օրը, ՄԱԿ-ում Իրանի պատվիրակությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի նախագիծը, որը ներկայացվել է Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի կոպիտ խախտմամբ, բխում է ԱՄՆ ներքին քաղաքականությունից և որևէ առնչություն չունի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հետ:
«Առաջարկվող բանաձևի նախագիծը ուղղված է Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի ամբողջականության, հեղինակության և վստահության, ինչպես նաև բազմակողմանիության, օրենքի գերակայության և դիվանագիտության դեմ», - ասված է հայտարարության մեջ:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հավելել է. «Միացյալ Նահանգները անհիմն մեղադրում են Իրանին տարածաշրջանում անկայունություն տարածելու մեջ, այն դեպքում, երբ այդ երկրի ապակառուցողական պահվածքը, պատժամիջոցների անհագ ծարավը, և Արևմտյան Ասիայի երկրներին մեծ քանակությամբ զենքի վաճառքը, տարածաշրջանում անկայունության, անապահովության և մարդկային տառապանքների հիմնական աղբյուրներն են»: