Ռոհանի. Իրանը հերթական անգամ հաղթեց Միացյալ Նահանգներին
ԻԻՀ նախագահն ասել է.«Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի արձակած վճիռը ևս մեկ հաջողություն էր Իրանի իսլամական հանրապետության համար»: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի օրն ասել է .«Չնայած այս քաղաքական պատերազմում ամերիկացիներն օգտվում են հազարավոր տարբեր փորձագետների օգնությունից, բայց մենք մեր սահմանափակ թվով դիվանագետների հետ, պայքարեցինք նրանց դեմ ու հաղթեցինք»:
ԻԻՀ նախագահը հավելել է.«Ավելի վաղ ԱՄՆ պատժամիջոցների դեմ Իրանի հայցի վերաբերյալ կայացած դատական նիստում, չնայած հազարավոր ամերիկացի իրավաբանների տարած աշխատանքին, Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը Իրանի օգտին վճիռ կայացրեց, որի համաձայն՝ ԱՄՆ-ն անհապաղ պետք է չեղարկեր հումանիտար ոլորտում սահմանած պատժամիջոցները: Սակայն ամերիկացիները, ոչ միայն չվերացրեցին պատժամիջոցները, այլ նոր հանցագործություն թույլ տվեցին»:
Նախագահ Ռոհանիի խոսքով՝ ամերիկացիները փորձեցին ապացուցել, որ դատարանը իրավասու չէ հետամուտ լինել ԻԻՀ հայցին, սակայն երեկ դատարանն ԱՄՆ-ի դեմ վճիռ կայացրեց, ինչը իրավական մեծ հաջողություն է Իրանի համար: