Զարիֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ:
Այսօր Թեհրանում տեղի է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հանդիպումը:
Հանդիպման ժամանակ Զարիֆը և Գրոսին մտքեր են փոխանակել Իրանի իսլամական հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համագործակցության, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի կարգավորմանն ուղղված գործակալության ջանքերի և երաշխիքների շրջանակում Իրան-ՄԱԳԱՏԷ համագործակցության շուրջ:
Գրոսին այսօր հանդիպել է նաև Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ և քննարկել պատժամիջոցները չեղարկելու և Իրանի շահերը պաշտպանելու ռազմավարական քայլի մասին օրենքի և գործակալության երաշխիքային գործունեության միաժամանակ իրագործումը համակարգելու հետ կապված հարցեր:
ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին, իր թվիթերյան էջում արած գրառման մեջ անդրադարձել է Գրոսիի և Սալեհիի հանդիպմանը: Նա գրել է.«Իրանը և գործակալությունը փոխադարձ հարգանքի հիման վրա արդյունավետ բանակցություններ են ունեցել, որոնց արդյունքները կհրապարակվեն այսօր երեկոյան»: