Մամուլի տեսություն 03.07.2021
Այսօր Իրանի օրաթերթերի մեծ մասն անդրադարձել են Իսամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից Հոջաթոլէսլամ Մոհսենի Էժեիին Իրանի դատական իշխանության ղեկավարի պաշտոնում նշանակմանը:
Քեյհան օրաթերթ
Կանադայի ազգային օրը վերածվեց հակակառավարական ցույցի
Որոշ ժամանակ առաջ, Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում կաթոլիկներին պատկանող գիշերօթիկ դպրոցի շրջակայքում գտնվող զանգվածային գերեզմանում հայտնաբերվեցին 215 տեղացի կարմրամորթ երեխաների մարմիններ, որոնց մի մասը շուրջ երեք տարեկան են եղել: Հաջորդ օրերի ընթացքում նույնպես այլ ցնցող լուրեր հրապարակվեցին այս կապակցությամբ: Մի տեղաբնիկ խումբ հայտնեց, որ այս անգամ Սասկաչեվան նահանգում նախկինում կաթոլիկներին պատկանող դպրոցի շրջակայքում է հայտնաբերվել անգվածային գերեզման, որում գտնվել է 750 մարմին, որոնց մեծ մասը տեղացի երեխաներ են եղել: Ժամանակ առ ժամանակ եկեղեցիներում և Վատիկանի հետ կապված կենտրոններում երեխաների բռնաբարության մասին լուրերի տարածումից հետո վերջին լուրերի տարածումը խիստ վատատեսություն է առաջացրել կաթոլիկ եկեղեցու նկատմամբ: Այս լուրերի տարածումից և այս հանցագործությունների հեղինակների նկատմամբ զայրութի խստացումից հետո պատասխանատու կողմերից (Կանադայի կառավարությունը և Վատիկանը) ոչ մեկը պաշտոնապես ներողություն չի խնդրել:
Աֆթաբ Յազդ օրաթերթ
Մոհսենի Էժեին դարձել է Իրանի դատական իշխանության ղեկավար
Ամիսներ տևած ենթադրություններից, հաստատումներից ու հերքումներից հետո, կառավարության խնդիրներով զբաղվելու և դրանց վրա կենտրոնանալու հարցով Իրանի նորընտիր նախագահ Այաթոլլահ Ռեիսին, նամակով դիմեց ԻԻՀ առաջնորդին, որից հետո առաջնորդը մի հրամանագրով Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիին նշանակեց Իրանի դատական իշխանության ղեկավար:
Խորասան
Լավրով. Արևմուտքը խոչընդոտում է ՀԳՀԾ-ի վերականգնմանը
Անցած 48 ժամերի ընթացքում ՀԳՀԾ-ն ու Վիեննայի բանակցությունները կրկին դարձել են դիվանագիտական շրջանակների զրույցի թեժ թեման: Միևնույն ժամանակ ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայացած մամլո ասուլիսում, ասել է, որ ՀԳՀԾ-ի վերականգնման բանակցություններում առկա արգելքները ստեղծվել են արևմտյան պետությունների կողմից: Դոյչե Վելեի հաղորդմամբ, Լավրովն Իրանի դիրքորոշումը գնահատել է «անկեղծ ու թափանցիկ», ասելով. «Արևմուտքն է, որ ջանքեր է գործադրում նոր պարտավորություններ պարտադրել Թեհրանին»:
Արմանե Մելլի
Թեհրանը հայտվել է կարմիր վիճակում
Այն դեպքում, երբ մինչև հինգշաբթի օրը Իրանի 63 քաղաքներ գտնվում էին կարմիր վիճակում և սրանից երկու ամիս առաջ Իրանի ոչ մի քաղաք կարմիր վիճակում չէր, անցած օրը հայտարարվեց, որ Թեհրանն ու 91 այլ շրջկենտրոններ հայտվել են կորոնավիրուսային հիվանդության կարմիր իրավիճակում:
Էթեմադ օրաթերթ
Ամերիացի զինվորները գիշերով փախել են Բագրամից
Անցած օրը ԱՄՆ-ն 20 տարի անց լքեց Քաբուլի հյուսիսում գտնվող Բագրամի ռազմաբազան և դա այն դեպքում, երբ Աֆղանստանի մայրաքաղաքին մոտեցող Թալիբանի ոտնաձայնը օրեցօր ահագնանաում է: Թալիբանը հենց այն դարպասից, որ 20 տարի առաջ դուրս եկավ ԱՄՆ-ի կրակոցներով, մտնում է Քաբուլ, սակայն այս անգամ մի ձեռքում ունի Կատարի մայրաքաղաք Դոհայում Սպիտակ տան բնակիչների հետ կնքած քաղաքական ու ռազմական համաձայնությունը և մյուս ձեռքում էլ զենքը:
armenpress.am
Արմեն Աշոտյանը փողոցային պայքարի շարունակության հնարավորություն է տեսնում
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հիմքեր ունի ենթադրելու, որ Հայաստանում քաղաքական գործընթացները շարունակելու են եռալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Աշոտյանն ասաց, որ ընտրությունների արդյունքներով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգում են հայտնվելու Հայաստանից ակնկալվող այլ զիջումներ. խոսքը Ադրբեջանի հետ շրջանակային պայմանագրի մասին է, այդ թվում նաև` հայ-ադրբեջանական դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը, միաժամանակ Արցախի հարցի «խորը և տոտալ» սառեցումը:
«Եվ այն փաստը, որ խորհրդարանում կարող են հայտնվել երկու ուժեղ խմբակցություն ընդամենն ընդգծում է այն հնարավորությունը, որ փողոցային պայքարը Հայաստանում շարունակվելու է»,- նշեց Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահի խոսքով` միջազգային հանրության մոտ շատ մեծ է գայթակղությունը Լեռնային Ղարաբաղի հարցը համարել դե-ֆակտո լուծված:
«Ունեմ այդ տպավորությունը որպես մարդ, ով կայուն շփվում է շատ տարբեր քաղաքական միջազգային շրջանակների հետ: Արևմուտքի համար մնացել է մի խնդիր` ինչպես անել, որ ռուսական խաղաղապահ ուժերը դուրս գնան տարածաշրջանից: Նրանք ամիսներն են հաշվում, որպեսզի ռուսական խաղաղապահների մանդատի ավարտի: Իսկ Ռուսաստանի համար այլ խնդիր է` կայունացնել իրավիճակը, ամրապնդվել տարածաշրջանում նոր ռազմական ոտքով և հետաձգել բանակցային գործընթացի կարգավիճակային բաղադրիչը այնքան ժամանակ, որքան կպահանջվի իրավիճակի հանդարտեցման համար»,- հավելեց Աշոտյանը:
armenpress.am
Իրանը կորոնավիրուսի 5-րդ ալիքին բախվելու մտավախություն ունի
Իրանը կարող է բախվել COVID-19-ի հինգերորդ ալիքին, քանի որ կորոնավիրուսի շատ վարակիչ «դելտա» շտամը տարածվում է երկրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Ruters-ը, այս մասին նախազգուշացրել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Մտավախություններ կան, որ ամբողջ երկիրը կարող է բախվել 5-րդ ալիքին, եթե բավարար ուշադրություն չդարձվի առողջապահական նախազգուշացումներին: Այսօր հաղորդվում է, որ մարդկանց 69 տոկոսը պահպանում է նախազգուշական միջոցները», - ասել է Ռոհանին:
Նա ասել է, որ «դելտա» շտամը երկիր է մտել հարավից և հարավ-արևելքից: «Եվ մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի կանխենք դրա տարածումը երկրում: Բոլոր առողջապահական կանոնակարգերը պետք է ամբողջությամբ պահպանվեն, հակառակ դեպքում մենք խնդիր կունենանք», - ասել է Ռոհանին:
panorama.am
Ադրբեջանն օկուպացրած Քարվաճառը բնակեցնում է մեղվաընտանիքներով
Պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացրած Քարվաճառն այդ երկիրը բնակեցնում է մեղվաընտանիքներով։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ևս 2500 մեղվաընտանիք է տարվել Քարվաճառ։
Մինչ այդ պետական միջոցներով իրականացվող ծրագրի 66 մասնակիցներիի համար դասըննթաց են անցկացրել ականապատված տարածքների վտանգների ու դրանցից ստացած հնարավոր վնասվածքների մասին։
Թշնամի երկրի ֆերմերների մի մասն էլ ուղարկվելու է Ադրբեջանի կողմից բռնազավթված Քաշաթաղ։
panorama.am
Արամ Ա-ն հայ գերիների հարցով դիմել է Հռոմի Պապին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը Վատիկանում դիմել է Հռոմի Պապին հայ գերիների հարցով։
Կաթողիկոսության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասված է.
«Վատիկանի մէջ վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնեայ հոգեւոր պետերու ժողովի ընթացքին, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը յարմար առիթով Ֆրանչիսկոս Պապին հետ առանձին անդրադարձաւ Արցախի պատերազմի հետեւանքներուն եւ յատկապէս ցարդ Ազրպէյճանի մօտ գտնուող հայ գերիներու վերադարձի հարցին:Վեհափառ Հայրապետը յիշեցուց, թէ միջազգային օրէնքի տրամադրութիւններուն դէմ է պատերազմի գերիներուն նկատմամբ Ազրպէյճանի ցուցաբերած հակաօրինական մօտեցումը: Վեհափառ Հայրապետը իր ջերմ շնորհակալութիւնը յայտնեց Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Պապին, որ անդրադարձած էր գերիներու հարցին եւ խնդրեց, որ յարմար առիթով դարձեալ անդրադառնայ մեր ժողովուրդը յուզող յիշեալ հարցին՝ օգտակար հանդիսանալով գերիներու շուտափոյթ վերադարձին: Հայրապետը նոյն հարցին շուրջ նաեւ խօսեցաւ Վատիկանի պետական քարտուղար Քարտինալ Փարոլինին հետ:
Գերիներու վերադարձի հարցի գծով իր ունեցած վերոյիշեալ հանդիպումներուն մասին Վեհափառ Հայրապետը մանրամասնութիւններ փոխանցեց Վատիկանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Կարէն Նազարեանին»։
aravot.am
Անհատական նախաձեռնությամբ մի խումբ կամավորներ մշակութային դասընթացներ են անցկացնում սահմանամերձ Չինարի և Այգեձոր գյուղերում
Հինգ ամիս է, ինչ «Մշակութամետ» անհատական նախաձեռնության մի շարք կամավորներ ամեն շաբաթ և կիրակի օրերին այցելում են Տավուշի սահմանապահ Չինարի ու Այգեձոր գյուղեր և երաժշտության, կարպետագործության ու մշակութային 15 -ից ավելի դասընթացներ են անցկացնում։ Մեզ հետ զրույցում նախաձեռնության համահիմնադիրներից Աննա Դանիելյանը նշեց, որ մարզի ընտրությունը եղել է շատ պատահական․ «Մարզի ընտրությունը շատ պատահական եղավ, քանի որ մեր ծրագրի անդամներից մեկը, ով միացավ նախաձեռնությանը, Այգեձորից էր և մեր առաջին այցն էլ հենց այնտեղ եղավ և քանի որ սահմանապահ Չինարի գյուղը գտնվում էր կողքին, ներառեցինք նաև այդ գյուղը»։
Դանիելյանի փոխանցմամբ՝ կամավորների շարքում կան Կոնսերվատորիայի ուսուցիչներից մինչև անվանի արվեստագետներ, որոնք կամավոր հիմունքներով 6 ամիս այցելել են գյուղերի աշակերտներին դասավանդելու․ «Շատ դեպքերում կամավորները միմյանց փոխարինել են, քանի որ մոտ 40-ից ավելի կամավորներ են գրանցվել, որոնք դասավանդել են շուրջ 150-ից ավելի երեխայի։ Ծրագիրը նպատակ ունի զարգացնել ազգային մշակույթը, հատկապես սահմանամերձ գյուղերում խնդիր կա, որ երեխաները անընդհատ տեսնում են գյուղատնտեսությամբ զբաղվող և զինվորական համազգեստով մարդկանց և իրենց համար էլ շատ էին ոգևորվել, որ իրենց կիթառի ուսուցիչը երիտասարդ տղա էր, ով երեխաներին օրինակ է ծառայում, որ տղամարդը կարող է նաև մշակույթով զբաղվել։ Մենք փորձում ենք նաև շփվել իրենց հետ և տալ այն ուշադրությունը, որի կարիքն ունեն երեխաները, քանի որ նրանց ծնողները հիմնականում զբաղված են, ինչպես նաև երեխաների համար ստեղծել այն միջավայրը, որտեղ իրենք կկարողանան զարգացնել իրենց տաղանդներն ու հմտությունները»։
Դանիլեյանը նաև նշեց, որ իրենք այս պահին մշակում են նախաձեռնությունն ընդլայնելու ծրագիրը, որով կկարողանան Սյունիքում և Տավուշի այլ գյուղերում ևս նման դասընթացներ անցկացնել․ «Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում մենք կարողացանք ֆինանսական միջոցներ ապահովել, որ հավելյալ տրանսպորտի միջոցով գյուղի երեխաներին տեղափոխի Ճամբարակի երաժշտական դպրոց, ինչպես նաև ուսումնասիրում ենք Սյունիքում ևս նախաձեռնությունն իրականացնելու տարբերակը»։