Բաղերի. Իրանի դեմ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններում տարաձայնությունները նվազում են
ԻԻՀ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններում տարաձայնությունները նվազում են:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Ալի Բաղերին, շաբաթ օրը «4+1» խմբի ներկայացուցիչների հետ մի քանի հանդիպումների ավարտին նշել է, որ «բաց փակագծեր» անունով հայտնի տարաձայնությունները նվազում են։
Բանակցող կողմերի մեծ մասը բանակցային գործընթացը գնահատել է դրական և հեռանկարային։
Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նույնպես վերջերս հայտարարել էր, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև բանակցող բոլոր կողմերն ընդունում են, որ բանակցություններում առաջընթաց կա:
Հակաիրանական պատժամիջոցների չեղարկմանն ուղղված Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլը մեկնարկել է 2021թ. դեկտեմբերի 27-ին կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստով: Նիստը նախագահում էին ԻԻՀ ավագ բանակցող Ալի Բաղերին և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան: