Ավարտվել են «Ծովային անվտանգության գոտի 2022» զորավարժությունները
«Ծովային անվտանգության գոտի 2022» զորավարժություններն ավարտվել են դրանց մասնակցած ստորաբաժանումների շքերթով, որն անցկացվել է իրանական «Դենա» նավակործանի դիմաց:
Զորավարժությունների խոսնակ, երկրորդ ծովակալ ծովակալ «Մոստաֆա Թաջջալդինին հայտարարել է. «Զորավարժություններին մասնակցած ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի, ԻՀՊԿ ռազմածովային ուժերի, Չինաստանի ու Ռուսաստանի նավերը շքերթ են անցկացրել իրանական «Դենա» նավակործանի դիմաց»:
Շքերթին մասնակցել են ԻԻՀ ՌԾՈՒ «Դենա», «Ջամարան», «Նաքդի» նավակործանները, «Զերեհ» հրթիռանետ նավը, «Բահրեգան» և «Գանավե» նավերը, ԻՀՊԿ ՌԾՈՒ «Շահիդ Նազերի» նավը, Չինաստանի ՌԾՈՒ «Ուրումչի» և «Թայխու» նավերը, ՌԴ ՌԾՈՒ «Ադմիրալ Տրիբուց» նավը և «Բորիս Չիլիկին» տանկերը:
«Ծովային անվտանգության գոտի 2022» համատեղ զորավարժությունները մեկնարկել էին ուրբաթ առավոտյան՝ ԻԻՀ բանակի նավատորմի, ԻՀՊԿ նավատորմի և Չինաստանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի ցամաքային և թռիչքային ստորաբաժանումների մասնակցությամբ, Հյուսիսային Հնդկական օվկիանոսում: