ՀՀ-Իրան առևտրի ծավալները մինչև 3 միլիարդ դոլարի հասցնելու միտում կա
Անդրադառնալով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության արագ աճին, Իրանում Հայաստանի դեսպանն ասել է.-«Իրանի և Հայաստանի իշխանությունները փորձում են երկու երկրների միջև ապրանքափոխանակության ծավալը հասցնել տարեկան երեք միլիարդ դոլարի», հայտնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Արսեն Ավագյանը չորեքշաբթի օրը Երևանի պետական համալսարանի և Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի կենտրոն՝ Ահվազի «Շահիդ Չամրան» համալսարանի միջև մշակութային համագործակցության զարգացմանն ուղղված հանդիպմանը հավելել է,-«Գիտական և ակադեմիական հարաբերություններն իրենց ուրույն տեղն ունեն Թեհրան-Երևան հարաբերություններում։ Իրանի և Հայաստանի բուհերի միջև պատշաճ հարաբերությունների ոլորտում կան բազմաթիվ դրական օրինակներ»։
Ավագյանն ասել է.-«Իրանը և Հայաստանն ունեն հարուստ պատմություն և տարբեր ոլորտներում համագործակցության բազմաթիվ հնարավորություններ, ինչը հստակ հեռանկար է բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների համար»։
Ընդգծելով, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները դարերի պատմություն ունեն, Իրանում Հայաստանի դեսպանը ասել է.«Երկու երկրների հարաբերություններում առկա կարևոր սկզբունքներից է Իրանում և Խուզեստանում հայ համայնքի ներկայությունը, որի վառ օրինակն է Ահվազում հայկական դպրոցի և եկեղեցու առկայությունը»։
Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը ևս ասել է,-«Վաղ ժամանակներից ի վեր, Իրանի և Հայաստանի միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր և հայկական բազմաթիվ աղբյուրներում հիշատակվում են Խուզեստան,Ահվազ, Դեզֆուլ և Անդիմշեք քաղաքների անունները»։
Իրանի գիտական համագործակցության խմբի ղեկավար Քեյվան Սաեդին այս հանդիպմանն ասել է .-«Խուզեստան նահանգը տարբեր ազգությունների և կրոնների բազմազան համադրություն է,այդ թվում կարելի է ակնարկել Խուզեստանի ժողովրդի հետ հայ հայրենակիցների խաղաղ գոյակցությանը»:
Խուզեստանի փոխնահանգապետ Ռեզա Ֆոթուհին ասել է.-«Եվրասիական շուկաներ մուտք գործելու և Իրանի Իսլամական Հանրապետության հետ արտաքին հարաբերությունների զարգացման առումով Հայաստանի դիրքը հաշվի առնելով, տարբեր ոլորտներում առևտրի բարգավաճման գործում սիներգիայի մեծ հնարավորություն կա»։