Մայիս 02, 2023 16:45 Asia/Tehran
  • Աստղագիտության շաբաթվա  շրջագծում Ալենուշ  Տերյանի անվամբ հռչակված օրվա առթիվ  բանախոսական միջոցառում՝ Նոր Ջուղայում

Աստղագիտության համաշխարհային շաբաթվա մեկնարկը տրվեց երկուշաբթի՝ ապրիլի 24-ին. այս շրջագծում Իրանի աստղագիտության ասոցացիայի նախաձեռնությամբ նշված շաբաթվա չորորդ օրը հինգշաբթի՝ ապրիլի 27-ը, անվանակոչվել էր Իրանում առաջին կին աստղա-ֆիզիկոս և աստղագիտության մայր, ինչպես նաև Իրանի առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Ալենուշ Տերյանի անվամբ:

Առիթը պատեհ համարելով «Ադիբ» աստղագիտության կենտրոնի առաջարկով և Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ու Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանյան-Կատարինյան» միջնակարգ դպրոցի համագործակցությամբ, հռչակավոր հայուհու անվամբ անվանակոչված օրը, հայոց ազգ. կրթահամալիրի համանուն դահլիճում իրականացվեց բանախոսական միջոցառում, որին ներկա էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քեչեճյանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, Սպահանի Կրթադաստիարակչության գերատեսչության և 3-րդ շրջանի հիմնարկի պատվիրակությունը, ազգային մարմինների և հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, «Քանանյան-Կատարինյան» դպրոցի աշակերտները և մի շարք այլ հրավիրյալներ:

Ուսուցչուհի Սյունե Մինասյանը անդրադարձավ աստղա-ֆիզիկոս Ալենուշ Տերյանի կենսագրականին՝ ի մասնավորի ընդգծելով գիտական ոլորտում նրա նվաճումներն ու ձեռքբերումները:

Այնուհետև աստղագիտության և Սպահանի մեծարման շաբաթների համընկման առիթով աշակերտուհի Էմիլի Նավասարդյանը դաշնամուրով կատարեց Կոմիտասի «Կաքավիկ»-ը: Աշակերտներ՝ Արեն Մարկոսյանն ու Դանիթա Ղազարյանը   ելույթ ունեցան՝ «Քարահունջից Թեհրան» խորագրով, որտեղ անդրադարձան  մարդկության պատմության առաջին աստղադիտարան Քարահունջին և  Թեհրանում Ալենուշ Տերյանի հիմնադրած՝ Իրանի առաջին արևային աստղադիտարանին:

Ցուցադրվեց Ալենուշ Տերյանի կեանքին ու գործունեությանն անդրադարձող վավերագրական «Սույե խորշիդ» (թարգմանաբար՝ «Դեպի արեվ») ֆիլմը:

Այնուհետև պրն. Մորադին բանախոսեց «Տիեզերքի ճակատագիրը» խորագրով, որտեղ անդրադարձավ տիեզերքի ստեղծմանը,   աստղագիտության ոլորտին առնչվող մի շարք նոր գյուտերին  և  ձեռքբերումներին:

 

Պիտակ