Ամիր Աբդոլլահյան. Հնարավոր չէ Իրանին մեկուսացնել
Իրանի արտաքին գործերի նախարարը, դիմելով ԱՄՆ-ին և նրա որոշ դաշնակիցներին, հայտարարել է, որ Իրանին մեկուսացնելու քաղաքականությունը ձախողվել է։
PressTV-ին տված բացառիկ հարցազրույցում նշելով, որ Իրանի ակտիվ ներկայությունը Շանհայի համագործակցության կազմակերպությունում, Եվրասիական տնտեսական միությունում և վերջերս BRICS-ում ցույց է տալիս, որ Իրանին մեկուսացնելու համաշխարհային քաղաքականությունը ձախողվել է, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է,-«ԻԻՀ-ը կտրականապես դեմ է միակողմանիությանը, սակայն առավելագույնս օգտագործում է բազմակողմանիության շրջանակներում առկա հնարավորությունները»։
Անդրադառնալով BRICS-ին միանալու Իրանի ծրագրին և նշելով, որ BRICS-ը կազմակերպություն է, որը կենտրոնանում է բազմակողմանիության ամրապնդման վրա, Ամիր Աբդոլլահյանը հավելել է. -«Մենք կարող ենք օգտագործել BRICS-ի կարողությունները բազմակողմանիությունը խթանելու և անդամ երկրների հետ առևտրի ծավալները մեծացնելու և հօգուտ Իրանի ժողովրդի՝ տնտեսական համագործակցություններն ամրապնդելու համար»:
Անդրադառնալով BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը՝ Իրանի ԱԳ նախարարն ասել է, -«Տարածաշրջանային մակարդակով տնտեսական, առևտրային, մշակութային և զբոսաշրջային համագործակցության զարգացումը կարող է երաշխավորել տարածաշրջանի անվտանգությունը»։
Ընդգծելով նոր աշխարհակարգի առաջացումը և մարտահրավեր նետելով ԱՄՆ-ի հեգեմոնիային՝ Ամիր Աբդոլլահյանը հստակեցրել է,-«Դաշինքներն ու կոալիցիաները, ինչպիսիք են Շանհայի համագործակցության խորհուրդը և BRICS-ը, նոր աշխարհակարգում ազդեցիկ դերակատարներ են»:
BRICS-ի երկրները կազմում են աշխարհի բնակչության մոտ 42 տոկոսը, համախառն ազգային արդյունքի մոտ մեկ չորրորդը և աշխարհի տարածքի մոտ մեկ երրորդը։ Նրա անդամ երկրներից երկուսը՝ Ռուսաստանը և Չինաստանը Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, և մյուս երեք անդամներ՝ Բրազիլիան, Հնդկաստան և Հարավային Աֆրիկան ցանկանում են դառնալ Անվտանգության խորհրդի մշտական անդամ և փոխել այս կազմակերպության կառուցվածքը։