Իրանի ոստիկանության և Ռուսաստանի ազգային գվարդիայի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
ԻԻՀ իրավակարգի ուժերի գլխավոր հրամանատարը և Ռուսաստանի ազգային գվարդիայի հրամանատարը ստորագրել են երկարաժամկետ համագործակցության մասին հուշագիր՝ անվտանգության և իրավապահ ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով։
Ինչպես հաղորդում է «Իրան Պրես» լրատվական գործակալությունը, ԻԻՀ իրավակարգի ուժերի գլխավոր հրամանատար բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Ռադանը,որ ՌԴ ազգային գվարդիայի պաշտոնական հրավերով այցելել է այդ երկիր, իր այցի երկրորդ օրը, հունիսի 28-ին հանդիպել ու բանակցել է ՌԴ ազգային գվարդիայի հրամանատար Վիկտոր Զոլոտովի հետ:
Այս բանակցությունների ավարտին Իրանի Իսլամական Հանրապետության իրավակարգի ուժերի գլխավոր հրամանատարության և Ռուսաստանի ազգային գվարդիայի միջև երկարաժամկետ համագործակցության մասին հուշագիրը ստորագրել են բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Ռադանը և գեներալ Վիկտոր Զոլոտովը:

Հուշագրի առանցքներներից են՝ անվտանգության և իրավապահ մարմինների համագործակցության զարգացումն ու ընդլայնումը և անապահովություն ստեղծող գործոնների դեմ պայքարի փորձի փոխանակումը:
Իրանի իրավակարգի ուժերի գլխավոր հրամանատար Ահմադ Ռեզա Ռադանը, Մոսկվա կատարած այցի շրջանակներում ներկա գտնվելով Ռուսաստանի ազգային գվարդիայի հրամանատարության կենտրոնական մասնաշենքում, այցելել է Մոսկվայի ազգային գվարդիայի թանգարանի տարբեր բաժիններ։
Գեներալ Ռադանը չորեքշաբթի օրը հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ: Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են անվտանգության և իրավապահ ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդումը։
Այս հանդիպման ժամանակ գեներալ Ահմադ Ռեզա Ռադանը և Նիկոլայ Պատրուշևը պայմանավորվել են ընդլայնել երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, զենք ու զինամթերքի մաքսանենգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում և անվտանգության ու իրավապահ այլ ոլորտներում։
Գեներալ Ռադանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ ազգային գվարդիայի հրավերով երեքշաբթի օրը ժամանել է Մոսկվա: