Իրանը հերթական անգամ հերքել է Արաքս գետում ռադիոակտիվ նյութերի առկայությունը
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոդա Աֆարինի նահանգապետը հերքելով Արաքս գետում քիմիական որևէ աղտոտվածության և ռադիոակտիվ ճառագայթման առկայության մասին լուրերը ասել է.-«Այս գետի ջրի աղտոտումը միայն ֆիզիկական է:Դա պայմանավորված է Հայաստանում մոլիբդենային պղնձի հանքավայրի կեղտաջրերի արտահոսքով՝ պոչամբարից Արաքս գետ լցվող պոչանքով, ընդորում այս խնդիրը միայն ֆիզիկական աղտոտում է,որը փոխում է ջրի գույնը և որևէ կենսաբանական վտանգ չի ներկայացնում»։
Ալի Աքբար Նեքունամը շաբաթ օրը Խոդա Աֆարին քաղաքի պասիվ պաշտպանության թեմայով հանդիպման ժամանակ ասել է,-«Այս հարցին արտաքին գործերի նախարարությունը հետամուտ է եղել, և դիմացի կողմին տրվել են անհրաժեշտ բացատրություններ։ Նրանք խոստացել են ընդլայնելով հանքի պոչամբարի տարողությունը, կանխել կեղտաջրերի մուտքը Արաքս գետ»:
Նա հավելել է,-«Հայաստանի ատոմակայանը Արաքս գետից շատ հեռու է, և փաստորեն հնարավոր չէ դրա աղտոտիչների ներթափանցումն Արաքս գետ»։
Նեքունամը նշել է. -«Թեև նախորդ բոլոր փորձարկումների արդյունքները ցույց են տվել Արաքս գետում վտանգավոր աղտոտվածության, ներառյալ ծանր մետաղների բացակայությունը, Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի կենսաբանական կենտրոնը նահանգի ջրամատակարարման ընկերությանը հանձնարարել է երկրի անկախ լաբորատորիաներում հետազոտել վերցված նմուշները, ստուգել և արդյունքների մասին իրազեկել հասարակությանը»:
Ավելի վաղ Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը, անդրադառնալով Արաքս գետի շարունակական և տարեկան ճառագայթային մոնիտորինգին, հայտարարել էր.-«Այս կենտրոնն իր ստույգ և մանրամասն հետազոտություններում չի հանդիպել Արաքս գետի՝ ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության որևէ դեպքի»:
Վերջերս որոշ լրատվամիջոցներ տարածել են Արաքս գետում Հայաստանի ատոմակայանի ռադիոակտիվ նյութերի առկայության մասին լուրեր, որպեսզի մտահոգեն հասարակությանը և լարվածություն առաջացնեն Թեհրան-Երևան հարաբերություններում, սակայն պատասխանատու կազմակերպությունների պարզաբանումները կանխել են այդ լրատվամիջոցների ապատեղեկատվությունը: