Հայաստանի մշտական բնակչությունն այս տարի ավելացել է 14.3 հազարով
https://parstoday.ir/hy/news/armenia-i239102-Հայաստանի_մշտական_բնակչությունն_այս_տարի_ավելացել_է_14.3_հազարով
2022 թվականի մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ՝ ՀՀ մշտական բնակչությունը այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ 3 մլն 90.5 հազար մարդ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2025 14:57 Asia/Tehran
  • Հայաստանի մշտական բնակչությունն այս տարի ավելացել է 14.3 հազարով

2022 թվականի մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ՝ ՀՀ մշտական բնակչությունը այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ 3 մլն 90.5 հազար մարդ է:

Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: 

Հանրապետության բոլոր 49 քաղաքներում բնակվում է 1 մլն 977.4 հազար,   իսկ 954 գյուղերում՝ 1 մլն 113.1 հազար մարդ: 

2025 թվականի նախնական տվյալներով՝ Երևանի բնակչությունը 1 մլն 144.7 հազար մարդ է (2024-ին՝ 1 մլն 136.3 հազար էր): 

Մարզերից առավել շատ բնակչություն ունի Կոտայքը (296.1 հազար),   ամենից քիչ՝ Վայոց ձորը (49.6 հազար): 

Հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը Հայաստանի մշտական բնակչությունն ավելացել է 14.3 հազարով: 

Հունվար-սեպտեմբերին բնական հավելաճը 4 հազար 634 մարդ է: Ըստ Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի՝ այդ ընթացքում Հայաստանում ծնվել է 23 հազար 698 երեխա, մահացել է 19 հազար 64 մարդ: Մեռելածինների թիվն է 286: 

Նորածինների սեռերի հարաբերակցությունը, ինչպեսև 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, կազմել է 110 տղա՝ 100 աղջկա հաշվով:  

Այս տարվա 9 ամիսներին հղիության հետ կապված բարդություններից, ինչպես նաև ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածներում մայրական մահացության դեպքեր չեն գրանցվել (2024-ի հունվար-սեպտեմբերին արձանագրվել էր մայրական մահացության 6 դեպք):

 Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 10 հազար 238 ամուսնություն և 3617 ամուսնալուծություն:

Այսինքն, 1000 ամուսնությունների համեմատ գրանցվել է ամուսնալուծությունների 353 դեպք (նախորդ տարի՝ 293):