Իրանը պատրաստ է արագացնել բանակցությունները՝ ԲՐԻԿՍ-ի բանկին միանալու համար
Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության փոխնախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է արագացնել բանակցությունները՝ ԲՐԻԿՍ-ի բանկին միանալու համար։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Մեհդի Սաֆարին, ՀԱՀ մայրաքաղաքում ընթացող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Զարգացման նոր բանկի ղեկավար Դիլմա Ռուսեֆի հետ: Հանդիպմանը Սաֆարին նշել է, որ ԲՐԻԿՍ Զարգացման նոր բանկին Իրանի միանալու բանակցությունները ընթանում են 2017 թվականից և ներկայումս Իսլամական Հանրապետությունը լիովին պատրաստ է արագացնելու այդ գործընթացը։
Հանդիպմանը Զարգացման նոր բանկի ղեկավար Ռուսեֆը, շնորհավորելով ԲՐԻԿՍ-ին Իրանի անդամակցության կապակցությամբ, ողջունել է նաև Թեհրանի միացումը ԲՐԻԿՍ բանկին, հավելելով, որ այդ հանգամանքը կնպաստի բանկի հզորության և միջազգային դիրքի բարձրացմանը:
Հանդիպման ավարտին կողմերը նշանակել են իրենց ներկայացուցիչներին՝ Զարգացման նոր բանկին ԻԻՀ անդամակցության գործընթացին հետամուտ լինելու համար: