Տարածաշրջանի վերջին զարգացումներն Իրանի և Կատարի ԱԳ նախարարների խորհրդակցության առանցքում
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Կատարի վարչապետ և ԱԳ նախարար շեյխ Մոհամմադ բին Աբդուլռահման Ալ Թանին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցում Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը բարձր է գնահատել Կատարի կառավարության դրական դերը և այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կառուցողական ջանքերը տարածաշրջանային և միջազգային հարաբերություններում: ԻԻՀ ԱԳ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Իրանի բռնագրավված ֆինանսական միջոցներն ազատելու ուղղությամբ Կատարի ջանքերի կապակցությամբ:
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմադ բեն Աբդուլռահման Ալ Թանին, գոհունակություն հայտնելով երկու երկրների կառավարությունների միջև բարեկամական հարաբերությունների կապակցությամբ, բարձր է գնահատել հարաբերությունների առաջընթացը և ընդգծել կողմերի միջև սերտ խորհրդակցությունների շարունակության անհրաժեշտությունը: