Տարածաշրջանի սահմանների ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն Իրանի կարմիր գիծն է.Ռայիսին Փաշինյանի հետ հեռախոսազրույցում
https://parstoday.ir/hy/news/iran-i205778-Տարածաշրջանի_սահմանների_ցանկացած_աշխարհաքաղաքական_փոփոխություն_Իրանի_կարմիր_գիծն_է.Ռայիսին_Փաշինյանի_հետ_հեռախոսազրույցում
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել,որի ընթացքում կողմերը քննարկումներ են անցկացրել տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ Երևանի և Բաքվի միջև աճող լարվածության շուրջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2023 13:33 Asia/Tehran
  •  Տարածաշրջանի սահմանների ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն Իրանի կարմիր գիծն է.Ռայիսին Փաշինյանի հետ հեռախոսազրույցում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել,որի ընթացքում կողմերը քննարկումներ են անցկացրել տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ Երևանի և Բաքվի միջև աճող լարվածության շուրջ։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր՝ շաբաթ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգին պատասխանելիս, արձագանքելով կովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ նրա զեկույցին, վերահաստատել է Իրանի Իսլամական Հանրապետության լուրջ անհամաձայնությունը տարածաշրջանի պատմական սահմանների ցանկացած փոփոխության ու լարվածության նկատմամբ, միաժամանակ ընդգծել է Իրանի՝ որպես հզոր հարևանի պատրաստակամությունը՝ ունենալու արդյունավետ դերակատարություն նոր հակամարտությունների, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության կանխարգելման գործում։

Հայտարարելով Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ, և ընդգծելով օտարերկրացիների ներկայություն չունենալու անհրաժեշտությունը, Ռայիսին ասել է, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների միջև երկխոսության միջոցով, և Թեհրանը պատրաստակամ է դերակատարություն ունենալ դիվանագիտական երկխոսության ճանապարհով խնդիրների կարգավորմանը նպաստելու գործում։

Այս հեռախոսազրույցի մեկ այլ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահն իր գոհունակությունն է հայտնել տնտեսական համագործակցության բարենպաստ առաջընթացի և երկկողմ համաձայնագրերի իրագործման մասին ՀՀ վարչապետի զեկույցի կապակցությամբ, և հայտնել Իրանի պատրաստակամությունը առևտրատնտեսական փոխգործակցությունը ընդլայնելու և Հայաստանի հետ համաձայնագրերի իրականացումը արագացնելու հարցում:

Հեռախոսազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգամանորեն ներկայացնելով հարավկովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներն ու դաշտային իրավիճակը, ասել է, որ ԻԻՀ մշտապես արդյունավետ ու կառուցողական դերակատարություն է ունեցել տարածաշրջանում  խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման, պահպանման և ամրապնդման գործում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռայիսին և Փաշինյանը այս հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հատկապես Լաչինի անցակետի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի սրմանը, այս տարածաշրջանի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը և  երկու երկրի սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին,  ինչպես նաև բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

Այս հեռախոսազրույցում քննարկվել են նաև Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի  քաղաքական հարցերով տեղակալի խոսքով՝ Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ Փաշինյանի հեռախոսային զեկույցին Ռայիսի պատասխանը եղել է հետևյալ առանցքների շուրջ.

Առաջին. տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն մեր կարմիր գիծն է։

Երկրորդ. Բացի 3+3 ձևաչափից, ցանկացած օտարերկրացու հետ համագործակցելը, նրանց հետ վարժանքներ անցկացնելը և կասկածելի այցերը  միայն բարդացնում են իրավիճակը:

Երրորդ. Իրանը պատրաստ է ամեն կարգի օգնություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին՝ խնդրի կարգավորման համար։

Նշենք, որ Թուրքիան և Ադրբեջանը պահանջում են միջանցք բացել Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզում, որը  Ադրբեջանը կմիացնի Նախիջևանին:  Այս կեղծ ծրագրին կտրականապես դեմ են հանդես եկել Հայաստանը և Իրանը: