Սեպտեմբեր 26, 2023 16:17 Asia/Tehran
  • Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրների շուրջ:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության մասին, այդ թվում ՝ խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության ուղղությամբ: Ռուսաստանի և Իրանի նախագահները շեշտել են բոլոր հարցերը բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը:

Փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան և Թուրքիա) աշխատանքի ակտիվացման հարցում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալի խոսքով՝ Իրանի և Ռուսաստանի նախագահների՝ Կովկասի վերաբերյալ այսօր կայացած զրույցում դոկտոր Ռաիսին ընդգծել է երկրների տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը՝ դիտարկելով, որ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կամ միջանցք բարդացնելու է պայմանները և անհանդուրժելի է: