ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ հրաձգության հետեւանքով ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ Հայաստան–Ադրբեջան սահմանին հրաձգության հետեւանքով զոհեր չունենք սկսած 2024 թվականի մարտից, արդեն ավելի քան 22 ամիս։
Սա հանգամանքների պատահական բերում չէ, այլ Հայաստանի ժողովրդի, այսինքն՝ Ձեր կողմից 2021 թվականի արտահերթ ընտրություններում Կառավարությանն ու խորհրդարանական մեծամասնությանը պատվիրակված ռազմավարության իրականացում։
Մեզ մեղադրում էին այդ պատմությունը փոխելու դավադրության մեջ։
Մինչդեռ մեր նպատակը Հայաստանի ոչ թե արդեն տեղի ունեցած, այլ տեղի ունենալիք պատմությունը փոխելն էր։
Մեր նպատակն ի վերջո նահատակ ժողովրդի մեզ արտապատվիրակված դերակատարումը հաղթահարելն էր եւ բազում զոհերի ու զոհողությունների գնով մենք հասել ենք այդ նպատակին։
Մենք ուժեղացնում ենք մեր պետությունը, հետևաբար մենք ուժեղացնում ենք մեր ազգային ինքնությունը։
Իրական Հայաստանի գաղափարախոսության ներշնչողը պատմական Հայաստանն է, որի ճակատագիրը մեզ ասում է․ «Մի գնացեք իմ ճանապարհով, մի դարձրեք Հայաստանի Հանրապետությունը պատմական Հայաստան»։
2021 թվականին մենք ասում էինք «Ապագա կա՛», այսօր ասում ենք՝ ապագան այսօր է եւ այսօր մենք ապրում ենք այն ապագայի մեջ, որի համար դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, քվեարկել եք 2021 թվականին։ 2025 թվականն այդ խաղաղ ապագայի, խաղաղության առաջին լիարժեք օրացուցային տարին է։
Մենք ոչ միայն ձեւակերպեցինք Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այլեւ Հայաստանի Հանրապետությունը դարձրեցինք իրական պետություն, որը գործում է իրական աշխարհում։
2025 թվականին իմ միջազգային երկկողմ պաշտոնական հանդիպումների աշխարհագրությունն աներեւակայելի է։ ԱՄՆ նախագահ, Ռուսաստանի նախագահ, Չինաստանի նախագահ, Ֆրանսիայի նախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ, Թուրքիայի նախագահ, Ղազախստանի նախագահ, Արաբական միացյալ էմիրությունների նախագահ, Ադրբեջանի նախագահ, Տաջիկստանի նախագահ, Հռոմի պապ, Եվրոպական խորհրդի նախագահ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ, Գերմանիայի կանցլեր, Ճապոնիայի վարչապետ, Բելգիայի վարչապետ, Վրաստանի վարչապետ, Էստոնիայի վարչապետ, Ալբանիայի վարչապետ:
Այս բոլոր հանդիպումներում մենք մի նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանը դիրքավորել որպես լիարժեք անկախ եւ ինքնիշխան պետություն, որ խնամակալության կարիք չունի, այլ կարող է հասկանալ ինքն իր կարիքներն ու հարցերը, կարող է ինքը կայացնել իր հարատեւության, հարատեւության եւ ոչ թե գոյատեւության համար անհրաժեշտ որոշումներ։ Եվ մենք հասել ենք այդ նպատակին։
Դարակազմիկ փոփոխություններ են տեղի ունենում մեր տարածաշրջանում․ անկախությունից ի վեր առաջին անգամ Ադրբեջանի տարածքով գնացքները բեռներ են բերում Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի հետ երկկողմ առեւտրի առաջին նշաններն են ի հայտ գալիս, ապրանքի ձեռքբերման առաջին խոշոր դեպքերն են արձանագրվել։
Սա գրվող պատմություն է մի նոր եւ սա խաղաղության պատմություն է։
Այդ պատմության առաջին արարի կուլմինացիան՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումն էր․ 2025 թվականի օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Սպիտակ տանը հրավիրված գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի հետ Հռչակագիր ընդունեցինք, որը որպես վկա ստորագրեց նաեւ նախագահ Թրամփը։
Սա է իրական խաղաղության միակ բանաձեւը․ միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը ճանաչել խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով, որովհետեւ ցանկացած այլ բանաձեւ անվերջանալի եւ արյունահեղ բանավեճի է վերածվելու, թե որն է Հայաստանի Հանրապետությունը եւ որն է Ադրբեջանի Հանրապետությունը։ Այդ բանավեճը վերջ ու ավարտ չէր ունենալու։
Սիրելի ժողովուրդ, սիրելի քաղաքացիներ,
Մենք հասել ենք ապագային եւ մենք ապրում ենք ապագայի մեջ, եւ մենք այլեւս չենք հայտնվելու անցյալում։ 2026 թվականը մեր այսօրվա ապագայի գեղեցիկ շարունակությունն է լինելու։
Ի՞նչ ունեմ ասելու այն մարդկանց, ովքեր շարունակում են ապրել սոցիալական վատ պայմաններում։ Նրանց հարցի լուծման մեր ռազմավարությունը պարփակված է հանրահայտ հետեւյալ ասույթի մեջ․ «Եթե ուզում ես կերակրել մարդուն, ոչ թե ձուկ տուր նրան, այլ սովորեցրու ձուկ որսալ»։ Աշխատունակ մարդն իր ապրուստը պետք է հոգա իր աշխատանքի միջոցով։ Եթե աշխատում ու չի կարողանում իր ապրուստը հոգալ, ուրեմն աշխատանքը բավարար չափով արդյունավետ չէ եւ մենք մարդուն պետք է աջակցենք, օգնենք՝ որպես աշխատող իր արդյունավետությունը բարձրացնելու, արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ հմտություններ ձեռքբերելու հարցում, եւ սա նույնպես կրթության ու կրթական ճանապարհ է։
Ցանկացած ոլորտի ցանկացած հարցի վերաբերյալ Կառավարությունն ունի երեք լուծում՝ առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն։
Այս ռազմավարության շնորհիվ այսօր Հայաստանում 700 հազար դրամ եւ ավելի վարձատրություն ստացող ուսուցիչ ու շարքային զինծառայող կա։ Սա Իրական Հայաստանի իրական քաղաքացու իրական ձեռքբերումն է։
2026 թվականին արտահայտվելու է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության վերելքը։ Մայիսին Երեւանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը, իսկ հոկտեմբերին՝ Կենսաբազմազանության COP–17 գագաթնաժողովը։ Հայաստանը հյուրընկալելու է մի քանի տասնյակ երկրների ղեկավարների եւ հարյուրավոր երկրների պատվիրակների։
2026 թվականը տնտեսական ու ներդրումային մեծ աշխուժություն է խոստանում, որովհետեւ մեկնարկելու է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության» նախագծի իրագործումը, որն ինստիտուցիոնալ կդարձնի Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը։ Մի դարակազմիկ եւ տարիներ առաջ աներեւակայելի թվացող իրադարձություն։
2026 թվականը լինելու է համախմբման ու միասնության տարի։ Այնպիսի միասնության, որի առանցքում Հայաստանի Հանրապետությունն է, նրա միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը, նրա քաղաքացու, ազատ, բարեկեցիկ եւ երջանիկ ապրելու իրավունքը, Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ պետական շահը։
Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Սիրում եմ բոլորիդ»։