Իրանի իսլ․ խորհրդարանում Իրանահայ զույգ պատգամավորների Ամանորի շնորհավորական պատգամը
https://parstoday.ir/hy/news/iran-i241044-Իրանի_իսլ_խորհրդարանում_Իրանահայ_զույգ_պատգամավորների_Ամանորի_շնորհավորական_պատգամը
Իրանի իսլ․ խորհրդարանում Իրանահայ զույգ պատգամավորների Ամանորի շնորհավորական պատգամը։
(last modified 2025-12-31T14:39:10+00:00 )
Դեկտեմբեր 31, 2025 18:09 Asia/Tehran
  • Իրանի իսլ․ խորհրդարանում  Իրանահայ զույգ պատգամավորների Ամանորի շնորհավորական պատգամը

Իրանի իսլ․ խորհրդարանում Իրանահայ զույգ պատգամավորների Ամանորի շնորհավորական պատգամը։

Եվս մեկ տարի անցավ և շուտով 2025 թվականն անցնելու է պատմության գիրկը: Մեկ տարի, որտեղ բազմաթիվ դժվարություններին ու խոչընդոտներին դիմագրավելուն զուգահեռ, մեր անհատական ու հավաքական կյանքից չբացակայեցին ուրախությունն ու հաջողությունը, միմյանց սատարելու և թև ու թիկունք հանդիսանալու կամքի դրսևորումը և մի խոսքով այնպիսի իրագործումներ, որոնք ի կատար են ածվում մեր համայնքներում՝ ազգային, եկեղեցական, կրթական, մշակութային ու մարդասիրական բնագավառներում:

Անցնող մեկ տարվա ընթացքում լուրջ սպառնալիքների ականատեսը եղանք թէ՛ Իրանում, և թէ՛ Հայաստանում. ցավոք 12-օրյա պատերազմը Իրանից խլեց պետական պաշտոնատարներ, գիտնականներ և խաղաղ բնակիչներ, ինչպես նաև վնասվեցին երկրի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կենտրոններ, սակայն Իրանի ժողովուրդը ոչ միայն չընկճվեց, այլ նաև մեկ մարդու պես վառ պահեց երկրի հողային ամբողջականությունը պաշտպանող իր ոգին: Հայաստանում նույնպես քաղաքական դաշտում առկա  իրավիճակը և թշնամու կողմից շարունակ հնչող սպառնալիքները վտանգի տակ դրեցին երկրի կայուն վիճակը, ինչը ստիպում է մեզ առավել քան երբև  լինել զգոն և պատրաստված:

Թեեւ դատապարտում ենք երկու երկրների անվտանգությունը խաթարող վերոնշյալ բոլոր իրադարձությունները, սակայն վստահ ենք, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդը լավապես ճանաչելով միասնականությունը պառակտող սպառնալիքները, երբեք չեն տրվելու թշնամու սադրիչ գործողություններին:

Շնորհավորելով 2026 թվականի Նոր տարվա կապակցությամբ՝ մաղթում եմ համայն հայությանը, այդ թվում նաև իրանահայ մեծ ընտանիքին՝ խանդավառ ու կենսուրախ և վառ հույսերով ու նորանոր երազանքներով ողողված կյանք. թող բոլորիս միասնական ոգու արդյունքում Հայաստանի, հայ ժողովրդի ու եկեղեցու անսասան երթի և օրըստօրե աճող վերելքի ականատեսը լինենք. կառչենք և արժանավոր տեղ հատկացնենք մեր ինքնության պահպանման գրավականը հանդիսացող ազգային արժեքներին, ազատության մեջ տեսնենք Բաքվի բանտերում ազատազրկված հայ ռազմագերիներին և ի վերջո  խաղաղության լույսի ներքո  լինի աշխարհը, ի մասնավորի Իրանի և Հայաստանի զույգ Հանրապետությունները:

 

Իրանի իսլ․խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր

 Արա Շահվերդյան

  Իրանի իսլ․ խորհրդարանի  Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր

Գեղարդ Մանսուրյան