Ռայիսի. Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև վեճերի լուծմանը
(last modified Thu, 05 Oct 2023 07:18:55 GMT )
Հոկտեմբեր 05, 2023 10:48 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև վեճերի լուծմանը

Իրանի նախագահը կարևորել է Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը և քննադատել երկու երկրների միջև տարաձայնություններ հրահրելուն ուղղված ջանքերին: Նա նշել է, որ Իրանը պատրաստ է որպես Ադրբեջանի և Հայաստանի հզոր հարևան, օգնելու լուծել տարաձայնությունները։

Չորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահի հատուկ հարցերով օգնական Խալաֆ Խալաֆի հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին անդրադարձել է երկու երկրների հարաբերություններին՝ հիմնված մշակութային ընդհանրությունների և պատմական ու խորը կրոնական համոզմունքների վրա։ Նա նշել է. «Իրանն ու Ադրբեջանն ունեն բազմաթիվ կարողություններ, որոնց փոխանակումը ապահովում է երկու երկրների և երկու ժողովուրդների շահերը»։

Իրանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում կայունության պահպանումն ու խթանումը կախված է տարածաշրջանի երկրների համագործակցությունից ու սիներգիայից։

Կարևորելով տարածաշրջանի սահմանների և աշխարհաքաղաքականության պահպանումը, Ռայիսին ասել է. «Իրանը ողջունում է տարածաշրջանային բանակցությունները 3+3 ձևաչափով կամ ցանկացած այլ ձևաչափով, որը կարող է օգնել լուծել Ադրբեջանի  և Հայաստանի խնդիրները»:

Նա հավելել է, որ տարածաշրջանի երկրներն ունեն տարածաշրջանի խնդիրները լուծելու կարողություններ, և որևէ պատրվակով օտար երկրներին տարածաշրջան մուտքը ապահովելը ձեռնտու չէ տարածաշրջանի երկրներից ոչ մեկին։

Ադրբեջանի նախագահի հատուկ հարցերով օգնական Խալաֆ Խալաֆը նույնպես բարձր է գնահատել ԻԻՀ  դիրքորոշումը և դոկտոր Ռայիսիի արդյունավետ դերը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպից հետո երկու երկրների հարաբերությունների պահպանման գործում։

Նա նշել է. «Ադրբեջանը և Իրանը ունեն մեծ կարողություններ երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններն ամրապնդելու և խորացնելու համար»։

Խալաֆը նշել է, որ Իրանը հզոր երկիր է տարածաշրջանում և Ադրբեջանի հարևանն ու բարեկամը, հավելելով, որ Ադրբեջանի համոզմամբ՝ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջև համագործակցության և երկխոսության միջոցով և որ օտար երկրները չպետք է ներկա լինեն տարածաշրջանում:

Նա ասել է, որ Ադրբեջանը ողջունում է ցանկացած երկխոսություն, հատկապես՝ 3+3 (Իրան, Ռուսաստան և Թուրքիա + Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) ձևաչափի տեսքով՝ ուղղված տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը և տարածաշրջանային խնդիրների լուծմանը: