Սպահանի Հայոց Թեմի առաջնորդը դատապարտել է Իսրայելի կողմից Գազայի հիվանդանոցի ռմբակոծումը
Սպահանի և հարավային Իրանի հայոց թեմը և համայնքը հանդես են եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Իսրայելի կողմից Գազայի «Ալ-Մամադանի» հիվանդանոցի ռմբակոծումը և պաղեստինցի խաղաղ բնակիչների կոտորածը։
Այս հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Մինչ բոլոր աստվածային կրոնները պատվիրել են զերծ մնալ քաղաքացիական անձանց, կանանց և երեխաների վրա հարձակվելուց, և միջազգային օրենքներում ընդգծվել է հիվանդանոցների պաշտպանությունը, սակայն կրկին մենք ականատեսը եղանք Գազայի «Մամադանի» քրիստոնեական հիվանդանոցում ապաստանած հիվանդների, բժշկական անձնակազմի և փախստականների սպանդին:
Այսօր մեզ՝ հայերիս համար, ովքեր նախորդ ամիսներին ականատես ենք եղել Ղարաբաղում մեր ազգակիցների ցեղասպանությանն ու բռնի տեղահանմանը պապենական հողերից՝ մանկասպան Սիոնիստական ռեժիմի և նրա դաշնակիցների առաջնորդությամբ ու սպառազինությունների աջակցությամբ, ավելի հեշտ է ըմբռնել Պաղեստինի ժողովրդի վիճակը։
Ես իմ, Սպահանի և հարավային Իրանի հայոց թեմի առաջնորդարանի և հայ համայնքի անունից խստորեն դատապարտում եմ այս սարսափելի ոճրագործությունը, և աղոթք եմ բարձրացնում առ Աստված նահատակների ոգու խաղաղության, իսկ վիրավորների՝ շուտափույթ ապաքինման համար»։
Սպահանի եւ հարավային Իրանի հայոց թեմի առաջնորդ
Սիփան եպիսկոպոս Քեչեճյան