Ավելի քան 2 մլրդ դոլարի իրանական ապրանքների արտահանում՝ Հայաստանին սահմանակից նահանգի միջոցով
Իրանի հյուսիս-արևմուտքում Հայաստանին սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատների վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս նահանգի մաքսատներից արտերկիր, այդ թվում՝ Հայաստան է արտահանվել 2 միլիարդ 24 միլիոն դոլարի ապրանք։
Այս վիճակագրությունը ցույց է տալիս նաև, որ վերջին ութ ամսում այս նահանգի մաքսակետերով ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13 տոկոսով։
Այս ընթացքում Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատների միջոցով արտահանման հիմնական ապրանքներն են եղել տարբեր տեսակի պողպատի ամրանները, նավթաքիմիական արտադրանքները (ստիրոլի պոլիմերները), ձյութը և պղնձե մետաղալարերը, որոնց մեծ մասն արտահանվել է Հայաստան, Թուրքիա, Իրաք, Ադրբեջան, Ռուսաստան, Վրաստան, Բուլղարիա, ԱՄԷ, Աֆղանստան և Պակիստան։
Արևելյան Ատրպատական նահանգի մաքսակետերից ներմուծվող հիմնական ապրանքներն են եղել ոսկու ձուլակտորները, ճանապարհաշինական մեքենաների առանձին մասերը, որոնք հիմնականում ներմուծվել են Թուրքիայից, ԱՄԷ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Հարավային Կորեայից, Իտալիայից, Ավստրիայից, Ռուսաստանից, Բրազիլիայից և Վրաստանից։