Մեկնաբանություն- Իրանն այսօր պաշտոնապես կմիանա ԲՐԻԿՍ խմբին
Աշխարհի զարգացող տնտեսությունների՝ ԲՐԻԿՍ-ի խմբում Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչը, հայտարարել է, որ Իրանը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը և Եթովպիան 2024 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես կմիանան խմբին։
Խմբի վերջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել 2023թ դեկտեմբերի սկզբին՝ ՀԱՀ Դուրբան քաղաքում, Անիլ Սոկլալը հայտարարել է, որ վերոնշյալ երկրների անդամակցությամբ, ԲՐԻԿՍ-ի անդամների թիվը կկրկնապատկվի:
ԲՐԻԿՍ-ի նոր անդամների ներկայացուցիչները կմասնակցեն խմբի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 30-ին՝ Մոսկվայում։
Խմբի անդամներ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան հանրապետությունը 2023թ. օգոստոսին հաստատեցին վերոնշյալ 5 երկրների անդամակցությունը: Այսպիսով՝ ԲՐԻԿՍ-ի շրջանակներում, աշխարհի էներգիա արտադրող խոշոր երկրները կհանդիպեն խոշոր սպառողների հետ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ներկայումս մոտ 30 երկիր ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ խմբին:
Էբրահիմ Ռայիսիի գլխավորած 13-րդ կառավարության քաղաքականությունը հարաբերությունների զարգացումը և բազմակողմ միջազգային համագործակցության ընդլայնումն է, այնպիսի կառույցների շրջանակում, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԲՐԻԿՍ-ը և ԵԱՏՄ-ն: Այս քաղաքականությամբ Իրանի կառավարությունը նպատակ ունի զարգացնել առևտրային և տնտեսական հարաբերությունները և պայքարել ԱՄՆ պատժամիջոցների դեմ:
Համաշխարհային տնտեսության վրա ազդելու մեծ ներուժ ունեցող ԲՐԻԿՍ խմբի կարևորության կարևորագույն պատճառներից մեկը դրա արագ տնտեսական աճն է: Խումբը ներառում է աշխարհի բնակչության կեսը և համաշխարհային տնտեսական կարողությունների 25-28%-ը:
Տնտեսական-արդյունաբերական ոլորտներում անդամ երկրների գրանցած ձեռքբերումները վկայում են, որ խումբը դերակատարություն է ունենալու ապագա բազմաբևեռ աշխարհում և մարտահրավեր է նետելու միջազգային ներկա համակարգին:

ԲՐԻԿՍ խմբի անդամ երկրներից յուրաքանչյուրը համարվում է իր տարածաշրջանի քաղաքական կամ տնտեսական ոլորտներից մեկի գլխավոր դերակատարը։
Իրանի Իսլամական Հանրապետության յուրահատուկ աշխարհագրական դիրքը և էներգետիկայի, տարանցման ու առևտրի ոլորտներում կարողությունները կարող են հետաքրքրել մյուս անդամներին: Նպատակներից մեկը, որն ունի իրանը ԲՐԻԿՍ անդամների հետ համագործակցության մեջ, առևտրային և տնտեսական փոխանակումների ապադոլարիզացումն է և ֆինանսական համագործակցությունը:
Առևտրում դոլարից հրաժարվելու քաղաքականությունը, հատկապես պատժամիջոցների տակ գտնվող երկրների կողմից, ինչպիսիք են Իրանը և Ռուսաստանը, այսօր մեծ ուշադրության է արժանացել աշխարհի այլ երկրների կողմից: ԱՄՆ-ի կողմից դոլարի օգտագործումը անկախ երկրների վրա ճնշում գործադրելու համար վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ամենակարևոր գործոններից մեկն է, որը ստիպել է երկրներին փնտրել առանց դոլարի ֆինանսական և առևտրային գործարքներ իրականացնելու ուղիներ:
Արևմուտքի քաղաքական և տնտեսական հեգեմոնիան անկում է ապրում, և աշխարհը շարժվում է դեպի բազմաբևեռ համակարգ: Իսկ պատժամիջոցների տակ գտնվող երկրները, ինչպիսիք են Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը, ամրապնդում են հարաբերությունները և նվազեցնում կախվածությունը Արևմուտքից և նույնիսկ ազատվում դոլարի գերակայությունից: Ելնելով դրանից՝ կարելի է ակնկալել, որ Իրանի անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին, ի լրումն համաշխարհային տերությունների հետ քաղաքական կապերի, կհանգեցնի տնտեսական զարգացման ծրագրի առաջխաղացման, նոր բիզնես գործընկերների ներգրավման, ինչպես նաև տարածաշրջանի զարգացման ու ԻԻՀ միջազգային կարգավիճակի բարձրացման։