Իրանի արձագանքը Եմենի վրա ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հարձակումներին
Արձագանքելով Եմենի դեմ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հարձակումներին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է. «Խստորեն դատապարտում ենք այսօր առավոտյան ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական հարձակումները Եմենի մի քանի քաղաքների վրա, դրանք համարում ենք կամայական գործողություն, ինչպես նաև Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, միջազգային օրենքների ու կանոնների բացահայտ խախտում։
Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է. «Մինչ Սիոնիստական ռեժիմը շարունակում է հարձակումներն ու պատերազմական հանցագործությունները, ԱՄՆ-ն ու Բրիտանիան փորձում են շեղել աշխարհի ուշադրությունը այս կեղծ և հանցավոր ռեժիմի հանցագործություններից՝ ընդլայնելով Սիոնիստական ռեժիմին աջակցելու իրենց հովանոցը»:
Քանանին հավելել է. «Խնդրում ենք միջազգային հանրությանը՝ պատասխանատու արձագանքներով և գործողություններով կանխել պատերազմի, անկայունության և անապահովության տարածումը տարածաշրջանում»։
Ըստ եմենական աղբյուրների՝ Սանայի միջազգային օդանավակայանը և Թաիզ քաղաքը յոթ անգամ ենթարկվել են հարձակման։
Տարածաշրջանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է. «Եմենի բանակի հետ կապված 16 կենտրոններում հարձակման է ենթարկվել 60 թիրախ։ Այս հարձակման ժամանակ օգտագործվել է ավելի քան 100 հրթիռ»։
Ամերիկացի պաշտոնյան չի բացառել Եմենի վրա հարձակումների շարունակման հավանականությունը: