Աստծո շնորհիվ դիմադրությունը սիոնիստներին գետնին կտապալի
Ռամադան սուրբ ամսվա (մահմեդականների ծոմապահության ամիս) առաջին օրը Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ներկայությամբ Թեհրանում Իմամ Խոմեյնիի անվան Հոսեյնիեում (սգո արարողությունների վայր Իմամ Հոսեյնի համար) տեղի ունեցավ «Ընտելանանք Ղուրանի հետ» խորագրով նիստը։
Հեղափոխության առաջնորդն այս միջոցառման ժամանակ իր ելույթում Ղուրանի ընթերցանությունը անվանեց «սուրբ արվեստ» և ընդգծեց. «Այս շատ արժեքավոր գործի հիմնական նպատակը պետք է լինի Ղուրանի իմաստն ու պատգամը ժողովրդին ու հասարակությանը հասցնելը և Ղուրանի շուրջ մտորումների համար հող պատրաստելը»:
Անդրադառնալով Գազայի հատվածից տեսանյութերի հրապարակմանը, որտեղ Գազայի երիտասարդները Ղուրան են կարդում, Իսլամական հեղափոխության առաջնորդը նշել է. «Տոկունության այն գագաթնակետը, որին մենք ականատես ենք այսօր Գազայում, Ղուրանը հասկանալու և այն կիրառելու արդյունքն է»:
Այաթոլլահ Խամենեին Գազայի իրավիճակը «գագաթնակետ» է բնութագրել երկու առումներով և հավելել. «Այսօր Գազայում, մի կողմից, մենք տեսնում ենք ոճրագործության, վայրագության և բռնաճնշումների գագաթնակետը, իսկ մյուս կողմից՝ դիմադրության ու տոկունության գագաթնակետը»։
Նա Գազայում կատարվող աննախադեպ հանցագործությունները, ինչպիսիք են երեխաների ու նորածինների սպանությունը սովի և ծարավի միջոցով, համարեց արևմտյան քաղաքակրթության խայտառակություն և ընդգծեց. «Թեև սիոնիստներն ունեն տարբեր տեսակի զենքեր և օգնություն են ստանում ԱՄՆ-ից ու Արևմուտքից, այդուհանդերձ Գազայի ժողովրդի աննախադեպ համբերությամբ և դիմադրության մարտիկների տոկունությամբ թշնամին ոչ մի «ղալաթ» էլ չի կարողացել անել, և դիմադրության ուժերի հնարավորությունների ու կարողությունների մոտ 90 տոկոսը պահպանված են»։
Իսլամական հեղափոխության առաջնորդը նաև նշել է. «Աստծո շնորհիվ և ողորմությամբ դիմադրությունը սիոնիստներին գետնին կտապալի»։
Մեծարգո Այաթոլլահ Խամենեին Գազայի ժողովրդին օգնելը համարել է իսլամական աշխարհի կրոնական պարտքը՝ ասելով. «Սիոնիստ թշնամուն ցանկացած օգնություն միանշանակ «հարամ» է (կրոնապես արգելված) և իրական հանցագործություն, և ցավոք, որոշ իսլամական պետություններ և երկրներ դա անում են, բայց մի օր կզղջան, և, տա Աստված՝ նրանք պատժվեն այս դավաճանության համար»։