Հաստատվել է իրանահայերի ընտրատարածքներում կայացած ընտրությունները
ԻԻՀ Սահմանադրության Պահապանների խորհրդի խոսնակը հայտարարել է ևս 81 ընտրատարածքներում, այդ թվում՝ Թեհրանի և իրանահայերի ընտրատարածքներում Իսլամական խորհրդարանի ընտրությունների հաստատման մասին։
Պահապանների խորհրդի խոսնակ, իրավաբան՝ Հադի Թահան Նազիֆը զեկույց է ներկայացրել մի շարք ընտրատարածքներում ընտրությունների հաստատման վերաբերյալ և ասել.- Երեկ Իսլամական խորհրդարանի 52 ընտրատարածքներում հաստատվել է ընտրությունների արդյունքը, իսկ այսօր մեր ունեցած ստուգումներով եւս 81 ընտրատարածքում հաստատվել է ընտրությունների արդյունքը, այս հաշվարկով հաստատված ընտրատարածքների թիվը հասել է 133-ի։
Նրա խոսքով, Թեհրանի ընտրատարածքներում, ինչպես նաև կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ Թեհրանի և հյուսիսային, Սպահանի ու հարավային իրանահայության, զրադաշտականների, հրեաների և ասորիների ընտրատարածքներում հաստատվել են ընտրությունների արդյունքները։
11-րդ խորհրդարանի պատգամավոր՝ Արա Շահվերդյանը այս շրջանի ընտրություններում ևս հավաքելով ձայների շուրջ 80 տոկոսը 12-րդ խորհրդարանում ընտրվել է Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր։
11-րդ խորհրդարանում Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր էր Ռոբերթ Բեգլարյանը, իսկ այս շրջանում Սպահանի և Հարավային իրանահայության պատգամավոր է ընտրվել Գեղարդ Մանսուրյանը։