Նովրուզյան շնորհավորանք
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նովրուզի առիթով։ Ուղերձում մասնավորապես ասված է․
Մոտալուտ Նոր տարվա Նովրուզի տոնի առիթով, սրտանց շնորհավորում եմ իրանցի մեր հայրենակիցներին, մաղթելով, որ սկսվող 1403 թվականը լինի խաղաղության, սիրո, եղբայրության, բերրիության, նոր նվաճումների, հաջողության եւ աստվածային օրհնությամբ օծուն տարի:
Գարնանաբույր այս օրերին, երբ բնությունը նախախնամական տնորինումով վերանորոգվում է նոր փայլ եւ գեղեցկություն պարգեվելով աշխարհին եւ հատկապես իրանյան մեր հայրենիքին, մենք ևս պարտականություն ունենք մեզ վերանորոգել սիրո, եղբայրության, հայրենասիրության եւ համագործակցության ոգով:
Բոլորս էլ գիտենք, որ նորն ու նորոգությունը կյանքից անբաժան երևույթներ են: Արդարեւ վերանորոգված բնության նայելիս մենք էլ մեզ վերանորոգենք սիրելի հայրենակիցներ եւ նորոգված մտքով ու հոգիով կառչած մնանք մեր հայրենիքին եւ հայրենական ավանդություններին ու բարեպաշտական սովորություններին:
Աղոթում եմ, որ Աստված զորացնի և փորձանքներից հեռու պահի մեր սիրելի Իրանն ու իրանցիներին: Առողջություն, առավել իմաստություն շնորհի, երկրի շնորհազարդ հոգևոր առաջնորդին ու հանրապետության նախագահին ու իր կառավարության եւ ողջ Իրանի ժողովրդին:
Կոչ եմ անում մեր սիրելի հայրենակիցներին, որ աղոթեն Գազայի ժողովրդի համար, մեր տարածաշրջանի խաղաղության եւ ժողովրդի բարեկեցության համար: Միաստվածյան մեր կրոնների հիմնական եւ առանցքային ուսուցումները խարսխված են սիրո, խաղաղության, համերաշխության եւ համատեղ գոյակցության: Թող 1403 թվականը բոլորիս համար լինի Աստծո օրհնությամբ լի տարի:
Թող Աստված անսասան պահի Իրանն իր ժողովրդով:
Շնորհավոր Նովրուզ:
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
https://alikonline.ir/community/tehran/16813