Հայաստանում Իրանի դեսպան․ Իրանը հնագույն ժամանակներից հայրենիքի նշանակություն է ունեցել հայերի համար
Անդրադառնալով իրանցիների ու հայերի մշակութային հարաբերությունների հազարամյա պատմությանը, Հայաստանում ԻԻՀ դեսպանն ասել է․ «Հնագույն ժամանակներից Իրանը հայերի համար հայրենիքի նշանակություն է ունեցել»։
Իրանի և Հայաստանի ԲՈՒՀ-երի մի խումբ պաշտոնյաների, հետազոտողների և դասախոսների մասնակցությամբ, այսօր Մատենադարանում մեկնարկել է իրանահայ նկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ գիտաժողովին ներկա են եղել Երևանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր ելույթում անդրադարձել է Մատնադարանի պատվիրակության վերջերս իրան կատարած այցին, որի շրջանակներում պատվիրակության անդամներն այցելել են Ազգային փաստաթղթերի գրադարան, Այաթոլլահ Մարաշիի անվան գրադարան և ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ։
Գիտաժողովում ունեցած ելույթում, անդրադառնալով իրանցիների ու հայերի մշակութային հազարամյա հարաբերություններին, Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է․ «Իրանը մի երկիր է, որտեղ հայերն իրենց համարել են և՛ հայ, և՛ իրանցի, և պահպանելով իրենց ինքնությունը՝ միախառնվել են իրանական հասարակության հետ»։
Նա նշել է․ «Նման գիտաժողովները կօգնեն Իրանի և Հայաստանի արվեստագետներին ու ժողովուրդներին՝ ավելի լավ ճանաչել միմյանց»։
Բարձր գնահատելով հայ համայնքի ակտիվ ներկայությունն Իրանի քաղաքական, տնտեսական, սոցիալական, գիտական և մշակութային կյանքում, դեսպանն ասել է. «Իրանահայ համայնքն արժեքավոր ներդրում ունի ինչպես իսլամական հեղափոխության հաղթանակի, Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ժամանակ երկրի պաշտպանության հարցում, այնպես էլ քաղաքականության, օրենսդրության, արվեստի, կինոյի, երաժշտության, ճարտարապետության, սպորտի, տնտեսության և առևտրի ոլորտներում։ Իսկ իրանահայ հետազոտողները, գրողները և արվեստագետները, կարևոր դեր են խաղացել ոչ միայն հայ գրականության տարածման, այլև Իրանի պատմության, մշակույթի և սոցիալ-մշակութային ոլորտի զարգացման գործում, և այդ գործընթացը շարունակվում է մինչև այսօր»։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն իր խոսքում նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև գիտական, մշակութային և գեղարվեստական ոլորտներում փորձի փոխանակման բազմաթիվ հնարավորություններ կան և ընդգծել, որ երկու երկրների համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններն այդ ոլորտներում պետք է ամրապնդվեն ու զարգանան։
Գիտաժողովին համերգային ծրագրով ելույթ է ունեցել «Հանանե» իրանական ժողովրդական համույթը։