Իրանի ԱԳՆ խոսնակ. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիրն է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական հայտարարելու Կանադայի Համայնքների պալատի նախագիծը համարեց անխոհեմ, թշնամական և միջազգային իրավունքի չափանիշներին ու ընդունված սկզբունքներին հակասող՝ ասելով, որ ԻՀՊԿ-ն ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիրն է։
Նասեր Քանանին այսօր (շաբաթ), դատապարտելով Կանադայի Համայնքների պալատի նախագիծը՝ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական ճանաչելու մասին, ասել է. «Այս թշնամական քայլը Իրանի ազգային անվտանգության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության դրսևորում է»։
Քանանին հավելել է. «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, Իրանի զինված ուժերի այլ հենասյունների հետ միասին, պատասխանատու է երկրի ազգային անվտանգության և սահմանների պահպանության համար, ինչպես նաև նպաստում է տարածաշրջանում մշտական անվտանգությանն ու կայունությանը` պայքարելով ահաբեկչության չարաբաստիկ երևույթի դեմ»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասաց․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը իրեն իրավունք է վերապահում արձագանքելու և անհրաժեշտ փոխադարձ հակաքայլեր ձեռնարկելու միջազգային իրավունքին հակասող, Իրանի ազգի ու կառավարության դեմ նման գործողությունների նկատմամբ»: