Իրանը կաջակցի Մալիին՝ արհեստական ինտելեկտի ոլորտում աշխատուժ պատրաստելու հարցում
ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի փոխնախագահը հայտարարել է, որ Թեհրանը Մալիի հետ համագործակցում է արհեստական ինտելեկտի ոլորտում մասնագետներ պատրաստելու գործում, հավելելով․ «համագործակցությունը հիմք կդնի արհեստական ինտելեկտի ոլորտում գիտելիքների և փորձի փոխանակման համար»։
Մալիից ժամանած պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով գիտահետազոտական ինստիտուտի առաքելություններն ու նպատակներն Ալիռեզա Յարին ասել է․ «Իրանի արհեստական ինտելեկտի նորարարության և զարգացման կենտրոնը, հենվելով իրանցի հետազոտողների գիտելիքների վրա, շատ արագ դարձել է ոլորտի կարևորագույն մասնագիտացված կենտրոններից մեկը»։
Մալիի Արհեստական ինտելեկտի և ռոբոտաշինության արդյունաբերության կենտրոնի ղեկավար Ժակլին Սեգուբա Կոնատեն հանդիպմանն անդրադառնալով Իրան կատարած այցին, հույս է հայտնել, որ երկու երկրների միջև նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրմամբ Մալին կկարողանա օգտվել Իրանի փորձից և կարողություններից՝ արհեստական ինտելեկտի ոլորտում մասնագետներ պատրաստելու համար, միաժամանակ զարգացնելով ենթակառուցվածքները:
Նա նշել է․ «Մալիի արհեստական ինտելեկտի և ռոբոտաշինության արդյունաբերության կենտրոնը նպատակ ունի կառուցել Իրանի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի նման կենտրոն»:
Մալիի պատվիրակության անդամներն այցելել են Իրանի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ ծանոթացել են մի շարք նախագծերի հետ, այդ թվում՝ համացանցում տարածվող բովանդակության ճշտում, արհեստական ինտելեկտի լաբորատորիա, գյուղատնտեսական մթերքների մշակման տարածքի գնահատման նախագիծ, արհեստական ինտելեկտի կարգավորման նախագիծ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ցույց է տալիս իրանցի գիտնականների զգալի առաջընթացը այս ոլորտում։